«Ալիք մեդիան» «Ինտերնյուս Վրաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացնում է «Հարց տեղական ինքնակառավարման մարմիններին» նախագիծը, որի շրջանակներում այս անգամ Ախալքալաքի ընթերցողներն են իրենց հարցերն ուղղել ՏԻՄ-ի ներկայացուցչին:
«Ալիք մեդիայի» հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի ընթերցողների հարցերին պատասխանեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
- Ախալքալաքի գյուղերում արդեն ավարտել եք համայնքներում առաջնային հարցերը սահմանելու նպատակով իրականացրած հանդիպումները։ Ինչպիսին է արդյունքը, որոնք են այն կարևոր հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվելու Ախալքալաքի գյուղերում
Ինչպես գիտեք ցանկացած մունիցիպալիտետի քաղաքապետարան ունի ծրագրված հանդիպումներ բնակչության հետ, մերը՝ հունվարի 30-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում էր։ Շրջագայել ենք գյուղերում, ունեցել ենք հանդիպումներ բնակիչների հետ, տպավորությունը շատ մեծ է։ Կարող եմ վստահորեն ասել, որ ժողովրդի ներգրավվածությունը մեծ է, ինչը դրական արդյունք է։ Դրական տպավորություններով վերադարձանք, մեր համայնքներում մարդիկ կառչած են հողին, զբաղված են գյուղը կայացնելու, իրենց առօրյան, վաղվա օրը ավելի հետաքրքիր դարձնելով։
- Մեր ընթերցողները Ձեզ ուղղված հարցերում հիմնականում հետաքրքրվում են ջրի, գազիֆիկացման խնդիրներով․ գաղտնիք չէ, որ Ախալքալաքում դեռևս գոյություն ունեն չգազաֆիկիացված համայնքներ, նախ որքան են դրանց թիվը, և երբ է նախատեսվում վերջնականապես լուծում տալ հարցին
Մենք այսօրվա դրությամբ ունենք մոտավորապես 20 չգազաֆիկացված գյուղ, սա շատ ցավալի հարց է, բնակչությանն ամենաշատ հուզող հարցերից մեկն է, ինչպես գիտեք տեղական բյուջեից իրավունք չունենք նման նախագծի համար գումար ծախսելու, քանի որ մունիցիպալիտետն իրավունք ունի գումար հատկացնել կոնկրետ այն ուղղությամբ, որն իր սեփականությունն է համարվում։ Այս հարցը ակտիվորեն ներկայացվում է մարզպետարանում, կառավարությունում, օրերս մարզպետարանը տեղեկացրեց, որ հարցի շուրջ աշխատանքները տարվում են, հույս ունենք արդյունքն առաջիկայում կտեսնենք։
- Հարցնում են՝ առաջիկայում արդյո՞ք նախատեսվում է լուծել Սուլդա գյուղի ջրի խնդիրը։
Սուլդա գյուղի ջրի հետ կապված մրցույթն արդեն հայտարարված է, անցած տարի աշխատանքները սկսել ենք և այս տարի կավարտենք, 1 միլիոն 200 հազար լարի արժողությամբ մրցույթի հաղթողն արդեն հայտնի է, եղանակային պայմաններից ելնելով հնարավորն արվում է։
- «Աջակցություն գյուղին» ծրագրի հետ կապված քաղաքացիներից արձագանքներ են ստացվում, որ տրված գումարը չի բավականացնում նախագիծն ավարտելու համար, ինչ է արվում այս ուղղությամբ, և որոնք են ծրագրի շրջանակներում տեղացիների առանձնացրած հարցերը։
Մեր գյուղերի հիմնական խնդիրները վերաբերում են ոռոգման և խմելու ջրերին, արհեստական լճերի վերականգնողական աշխատանքներին, երիտասարդների և տարեցների համար ժամանցային վայրերի հատկացմանը, օրինակ երիտասարդները ձգտում են սպորտով զբաղվել։ Ես եղել եմ Խանդո գյուղում, որտեղ այս տարի Գյուղի զարգացման ծրագրի երկրորդ մասով շարունակվում են մեծ սպորտդահլիճի կառուցման աշխատանքները։ Փորձում են ավարտին հասցնել այս տարի, եթե չհաջողվի պատրաստ ենք մենք էլ մեր աջակցությունը ցուցաբերել։ Դա շատ ողջունելի է, որ ունենք նման երիտասարդներ, որոնք ձգտում են սպորտով զբաղվել, եթե ունենանք առողջ երիտասարդներ, կունենանք առողջ մտածելակերպ և միջավայր։
Նախ հանդիպումներ ենք ունեցել տարածքային ղեկավարների հետ, այնուհետև տեղացիների։ Մեր խնդրանքն էր, որ նրանք ներկայացնեն միայն մեկ առաջնահերթություն, մեկ նախագիծ, որպեսզի գումարը ծախսենք մեկ ուղղությամբ, սակայն այն չի բավականացնում, քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնում, իր ֆինանսական աջակցությունը ևս ցուցաբերել։
2023 թվականի մեր ամենամեծ ձեռքբերումը տեղական բյուջեի ավելացնումն էր, մոտ 5 միլիոն ավելի գումար ենք ստացել, որը պետք է հավասար բաշխվի այն նախագծերի իրականացման վրա, որոնք առաջնային տվյալ տարածքի զարգացման համար։
- Ամենաքննարկվող հարցերից մեկն էլ վերաբերում է Ախալքալաքի նախկին զինվորական ավանի տների սեփականաշնորհմանը, ի՞նչ փուլում է գործընթացը
80-90 տոկոսով այս հարցը լուծված է, կա մի հատված, որտեղ 2 բնակելի տուն է, որոնց մասին այս պահին կոնկրետ պատասխան չունենք, հարցը քննարկման փուլում է։ Մենք դիմել ենք, սպասում ենք պատասխանի, թե ինչ որոշում կկայացվի այդ մարդկանց հուզող խնդիրը լուծելու, նրանց սեփականության իրավունք տալու ուղղությամբ։
- Վրաստանի պետական բուհերում սովորող Ախալքալաքի մունիցիպալիտետի ուսանողների համար արդյո՞ք կրթաթոշակ սահմանելու ծրագիր ունեք։ Այս հարցն այսօր արդիական է, քանի որ Նինոծմինդայում առաջին այդպիսի աննախադեպ որոշումն արդեն իրականություն է
Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Քաղաքապետարանը սոցիալական փաթեթում ներառել է այն հարցերը, որոնք առաջնային են՝ այս դեպքում սոցիալապես անապահովների, սահմանափակ կարողություններ ունեցող և ծնողազուրկ ուսանողներին օգնելու ուղղությամբ ենք աշխատանք տանում։ Խոսքը վերաբերում է պետական քոլեջների և բուհերի ուսանողներին վարձի 50 տոկոսի չափով կրթաթոշակ տրամադրելուն։
- Քաղաքի Գենդերային հավասարության խորհրդի հետ կապված որոշակի փոփոխություններ են արվել: Կմանրամասնեք՝ ինչ փոփոխություններ են
Շրջանային ժողովի հետ քննարկվել են գենդերային հավասարությանը վերաբերող բոլոր հարցերը, մենք ունեցել ենք աջակցություն, այս տարի բյուջեով մոտ 10 հազար լարի գումար է նախատեսված գենդերային տարբեր միջոցառումների համար։ Աջակցություն ենք ցուցաբերում նման հարցերով զբաղվող անհատներին ու կազմակերպություններին, որպեսզի գենդերային տարբերություն չնկատվի։
- Քանի որ տարին նոր է սկսվել, տեղացիները հետաքրքրվում են Ախալքալաքում ի՞նչ փոփոխություններ, բարեփոխումներ են նախատեսված 2023-ի ընթացքում, ներկայացրեք ամեկարևորները
Պլանները շատ են, իրականացվելիք աշխատանքների մասին կարող ենք շատ երկար խոսել։ Ամենակարևորը թերևս այն է, որ մենք քաղաքի տարբեր մասերում կունենանք փոքրիկների համար խաղահրապարակներ, երիտասարդների համար վայրեր, որտեղ նրանք իրենց ազատ ժամանակը կարող են անցկացնել։ Նախատեսում ենք այգիների վերանորոգում, քաղաքի ընդհանուր տեսքի ու կենտրոնական փողոցի բարեկարգում։ Մեր առջև գլխավոր նպատակ է դրված, որ հասնենք այն աստիճանին, որ յուրաքանչյուրս փողոց դուրս գալով, տեսնենք մեր քաղաքը, մեր բնակավայրը լիարժեք, այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք։
Եվ մենք ամեն տարի, ամեն ամիս պատրաստում ենք նորանոր անակնկալներ, նկատի ունեմ կատարվելիք աշխատանքները, որոնք վստահաբար գոհացուցիչ կլինեն մեր քաղաքացիների համար։