Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին և Վրաստանի պաշտպանության ուժերի պատվիրակությունը Ադրբեջանում են, փոխանցում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
Նշվում է, որ պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիին այցի համար և ընդգծել երկու հարևան երկրների միջև սերտ գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները։
«Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում անվտանգության միջավայրի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացման կարևորությանը։
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարին հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը։ Գլխավոր շտաբում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցությանն առնչվող հարցեր և նախանշել հետագա անելիքները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային դասընթացներին համատեղ մասնակցության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցերին։ Ադրբեջան պաշտոնական այցի շրջանակներում գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին և պատվիրակության անդամները եղել են նաև մարտական գործողությունների կենտրոնում, որտեղ հանդիպել են զինծառայողների հետ և ծանոթացել կենտրոնի հնարավորություններին։