Վրաստանի կառավարությունը ներդրող է փնտրում, որը կկառուցի երկրի ամենամեծ նավահանգիստն Անակլիայում։ Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության՝ մի քանի ամսից կբացահայտվի լավագույն ներդրողը, որը ձեռք կբերի նավահանգստի սեփականատեր ընկերության 49 տոկոս բաժնեմասը։
«Սա կլինի ինստիտուցիոնալ հանրային և մասնավոր համագործակցության ձևաչափ, որի շրջանակներում համատեղ ընկերությունը կապահովի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթայթումը, ինչպես նաև կսկսի ու ավարտին կհասցնի գործող նավահանգստի շինարարական աշխատանքները»,- նշել են նախարարությունից:
Նախարարության տվյալներով՝ հայտերը կգնահատվեն հաշվի առնելով տեխնիկական, ներդրումային, ֆինանսական, մարդկային ռեսուրսների կառավարման և գործառնական պահանջները։ Գնահատման արդյունքում հանձնաժողովը 12 ամսվա ընթացքում կբացահայտի հաղթողին (կամ մի քանի լավագույն թեկնածուի) և կսկսի բանակցությունները կոնցեսիոն պայմանագրի ու գործընկերության պայմանագրի շուրջ։
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ կայացած կառավարության նիստից առաջ խոսել է Անակլիա նավահանգստի մասին։ Նրա խոսքով, կառավարությունը չի սպասի ներդրողի մուտքին, և աշխատանքները կսկսվեն այս տարի։
«Մեր խնդիրը պետք է լինի այս տարի սկսել Անակլիա նավահանգստի շինարարությունը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք. 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խորջրյա նավահանգստի կառուցման ներդրումային պայմանագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Կոնսորցիումը հերքում է դա և մեղադրում Վրաստանի կառավարությանը ռազմավարական նախագիծը նպատակաուղղված խափանելու մեջ։
Գրեթե երեք տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ղարիբաշվիլին ասաց, որ պետությունը մասնակցելու է «Անակլիա նավահանգստի» շինարարական աշխատանքներին։
Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ