Հունվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 2 մլն 533 հազար 500 տոննա, ինչը 10,2 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի համեմատ, գրում է BusinessPressNews-ը:
Հունվարին ԲԹՋ-ի մասնաբաժինը Ադրբեջանի հիմնական խողովակաշարերով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի մեջ կազմում է 77,8 տոկոս: Դրանից ԲԹՋ-ով փոխադրվել է 370,6 հազար տոննա տարանցիկ նավթ, ինչը 13,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից։
2022 թվականին ԲԹՋ խողովակաշարով փոխադրված նավթի ընդհանուր ծավալը կազմել է 29 մլն 749 հազար 600 տոննա։ Վերջինիս 5 միլիոն 103 հազար 900 տոննան եղել է տարանցիկ նավթ, ինչը 41,8 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։
Ներկայումս ԲԹՋ խողովակաշարով տեղափոխվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի բլոկի նավթը, «Շահդենիզ» կոնդենսատը և SOCAR-ի հումքը։ Այս խողովակաշարով է հոսում նաև Կասպից ծովի տարածաշրջանի այլ երկրների նավթը։
Ի դեպ, ԲԹՋ նավթամուղի երկարությունը 1 768 կմ է։ Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանով, 249 կմ-ը՝ Վրաստանով, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։