Փետրվարի 19-ին նշվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Վիրահայոց թեմը մեծ գրողի ծննդյան տոնը նշեց Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում։
Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, հնչեցին Թումանյանի ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Պանթեոնում միջոցառումն ամփոփվեց գիրք նվիրելու արարողությամբ:
Հայաստանում այս օրը 2008-ից համարվում է նաև գիրք նվիրելու օր, իսկ Թբիլիսի այս ավանդույթը բերել է վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը։
Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Դսեղում։
Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը։