Թբիլիսիի Վակեի այգում գտնվող շատրվանի անսարքության հետևանքով հոսանքահարված Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Գրինսերվիս+»-ի տնօրենին, նույն ընկերության աշխատակցին, «Մշեն-էքսպերտ»-ի տնօրենին և փորձագետին։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության և «Գրինսերվիս+»-ի միջև կնքվել է պետական գնումների պայմանագիր՝ Վակեի այգու շատրվանների և կասկադի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։
«Աշխատանքների ընթացքում «Գրինսերվիս+»-ի տնօրենը քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ նախագծային փոփոխություններ, որոնց վրա փակցվել է նախագծային ընկերություններից մեկի կնիքն ու ստորագրությունը։
2022 թվականի օգոստոսին «Գրինսերվիս+»-ն ավարտել է շատրվանների և կասկադի վերականգնման աշխատանքների մի մասը։ Նշված աշխատանքները կատարվել են անորակ, որոնք չեն համապատասխանել մարդու կյանքի և առողջության անվտանգության պահանջներին։ Դրանից հետո «Գրինսերվիս+»-ը պայմանագիր է կնքել «Մշեն-էքսպերտ»-ի հետ՝ համապատասխան հաշվետվությունը պատրաստելու նպատակով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, «Մշեն-Էքսպերտ»-ի տնօրենն ու փորձագետը ուսումնասիրել են միայն փաստացի կատարված աշխատանքների արժեքի համապատասխանությունը ծախսերին, իսկ աշխատանքների համապատասխանությունը գործող շինարարական նորմերին ու կանոններին չեն ուսումնասիրել։ Ուսումնասիրությունից հետո պատրաստել են եզրակացության նախագիծ, որից հետո «Գրինսերվիս+»-ի աշխատակիցը, տնօրենն ու «Մշեն—Էքսպերտ»-ի փորձագետը պայմանավորվել են իրենց հաշվետվության մեջ ներառել կեղծ տվյալներ, իբրև ուսումնասիրել են աշխատանքների համապատասխանությունը՝ գործող շինարարական նորմերին։
«Չնայած նրան, որ շատրվանի վերականգնողական աշխատանքները կատարվել են անորակ, որոնք չեն համապատասխանել մարդու կյանքի և առողջության անվտանգության պահանջներին, օգոստոսի 25-ին «Մշեն-Էքսպերտ»-ի վերոնշյալ աշխատակիցները կեղծ պաշտոնական փաստաթուղթ են ստեղծել, այն է` ստուգման միջանկյալ հաշվետվությունը, որի եզրափակիչ մասում նույնպես նշել են, որ կատարված աշխատանքները համապատասխանում են Վրաստանում գործող շինարարական նորմերին և կանոններին։
Նշված կեղծ հաշվետվությունը «Գրինսերվիս+»-ի տնօրենը ներկայացրել է քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայություն՝ ընդունման-հանձնման ակտը ստորագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, գործը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի այգու շատրվանից գնդակ վերցնելու պահին 2 դեռահասի հոսանքահարմանը, որոնց փրկելու շտապած 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել էր։ Հարկ է նշել, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այս դեպքի նախօրեին մասնակցել էր շատրվանների բացմանը:
Գործով ձերբակալվել է 9 մարդ, նրանց թվում՝ քաղաքապետարանի աշխատակից։ Հոկտեմբերի 19-ին դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք էր առաջադրել ծառայողական և արդյունաբերական անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման, կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու համար, ինչը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել: