Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի մարզում քաղաքացիները դեռևս լիովին ներգրավված չեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ։
Վրաստանի օրենսդրությունը թեև վերջին տարիներին լայն հնարավորություններ է ընձեռում՝ խրախուսելու ՏԻՄ-ում որոշումներ կայացնեն հենց իրենք՝ բնակիչները, այդուհանդերձ ակտիվության դեռևս եզակի դեպքեր են արձանագրվում։
Սամցխե-Ջավախքի երիտասարդների հետ զրուցելիս ամենաառաջին խնդիրը, որ նշում են, դա ինտեգրումն է։
«Մենք բավարար ինտեգրված չենք մեզ լիարժեք քաղաքացի զգալու համար, որն ունի իրավունքներ և պարտականություններ: Մենք անընդհատ խոսում ենք, որ իրավունք ունենք, բայց մոռանում ենք, որ դրա հետ նաև մի շարք պարտականություններ ունենք: Եվ խնդիրն այն է, որ մենք չենք կիրառում նաև մեզ տրված իրավունքները․․․», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նկարագրելով երիտասարդության ակտիվությունը Նինոծմինդայում և Ախալքալաքում, ասում է Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղից Մարիաննա Կարապետյանը, ով զբաղվում է քաղաքացիական ակտիվությամբ, մասնակցում տարբեր ծրագրերի՝ էթնիկ փոքրամասնությունների, կանանց իրավունքների և այլ արդիական թեմաներով։
Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել տեղական ինքնակառավարման բարեփոխումների և ապակենտրոնացման առումով։ 2014 թվականին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանել է «քաղաքացիների մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմներ», որը հնարավորություն տվեց դիտարկել քաղաքացիների մասնակցային գործելակերպը և վեր հանել կարևոր թերությունները՝ ամրապնդելու ՏԻՄ-ի և քաղաքացիների միջև կապը:
Էթնիկ փոքրամասնությունների քաղաքացիական ներգրավվածության առումով կարևոր համակարգ է գործում նաև հենց տեղական ինքնակառավարման մակարդակում, մասնավորապես 2017 թվականից մարզպետարաններին կից գործարկված խորհրդակցական մեխանիզմը թույլ է տալիս համայնքային նշանակության հարցերի լուծմանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ մասնակից դարձնել նաև համայնքի բնակիչներին, այս դեպքում՝ ազգային փոքրամասնություններին։
Բաց հասարակության հիմնադրամի «Քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ» 2019-ի հետազոտության արդյունքների համաձայն՝ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում հարցվածների 84,2%-ը տեղյակ չէ, որ կարող է մասնակցել բյուջեի պլանավորմանը, միայն 8,7%-ն է հակառակը նշել, թեև չգիտի, թե ինչպես ներգրավվել դրանում։
«Առաջին խնդիրը, որ կառանձնացնեմ, դա երիտասարդներին՝ շրջանում նոր կադրերին, չվստահելն է։ Խնդիրներից մեկը հենց սերնդափոխության հետ է կապված։ Ավագները մտածում են՝ իրենք ավելի երկար ճանապարհ են անցել, ավելի շատ փորձ ունեն և երիտասարդ մասնագետներին լիարժեք վստահել չեն կարող», — նշում է Նինոծմինդայից Վանո Համբարյանը, ով ԹՊՀ-ի բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի անդամ:
Համբարյանը մինչ ուսանող դառնալը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում, որն այժմ գործում է տարածաշրջանային CENN կազմակերպությանը կից։ Նշում է՝ իրենք հիմնականում զբաղվում են բնապահպանական ակտիվությամբ, օրինակ կենտրոնի երիտասարդները հրաժարվել են պլաստիկ տոպրակների օգտագործումից։
«Այստեղ չկան զանազան ծրագրեր, որոնց երիտասարդները կարող են ակտիվորեն մասնակցել, թեև հետաքրքրություն կա։ Ժամանակ առ ժամանակ տարբեր կարճաժամկետ նախագծեր են լինում, սակայն դա բավարար չէ տեղի երիտասարդության ակտիվությունն ապահովելու և նրանց ներուժը բացահայտելու համար: Եվ չմոռանանք, իհարկե, եթե միջավայրը լինի, մեր երիտասարդներն իրենց գիտելիքներով կարող են փոխել ողջ շրջանը»:
ՏԻՄ-ի հետ հարաբերությունների մասին խոսելով՝ Համբարյանն օրինակ է բերում ուսանողների աննախադեպ նախաձեռնությունը, որով մունիցիպալիտետն առաջին անգամ կրթաթոշակ տրամադրելու որոշում է կայացրել։
Իլիայի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Լաուրա Անեսյանը պատմում է, թե ինչպես առաջացավ տեղական մարմիններից կրթաթոշակ ստանալու հարցով քաղաքապետարանին դիմելու գաղափարը.
«Մի խմբով մասնակցեցինք երիտասարդների ակտիվության թեմայով ծրագրի, որտեղ էլ բացահայտեցինք, թե ինչ հնարավորություններ կան, կոնկրետ ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարման ծրագրերին։ Այդպիսով առաջացավ միտքը՝ դիմել քաղաքապետարանին, որպեսզի բյուջեից առաջադեմ ուսանողներին կրթաթոշակ հատկացվի»:
Երիտասարդները հանդիպում են կազմակերպել, որտեղ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին է ներկայացվել նախաձեռնությունը, այնուհետև անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններով գրավոր նախագիծը պաշտոնապես ներկայացվել է քաղաքապետարանին:
«Սա շատ լավ հնարավորություն է ուսանողների առաջադիմությունը բարձրացնելու համար. նրանք ավելի մոտիվացված կլինեն, քանի որ կրթաթոշակից կկարողանան օգտվել այն ուսանողները, ովքեր տվյալ կիսամյակում առարկաները փակել են 91-100 միավորով», — ասում է Լաուրան:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ևս կարևորում է երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը: Ինչ վերաբերում է կրթաթոշակի մասին քաղաքապետարանի որոշմանը, նշում է, որ սա ուսանողների համար ավելի շատ անձնական աջակցություն է, բայց ինքը կցանկանար, որ երիտասարդները ՏԻՄ-ի ընձեռած բոլոր հնարավորություններին նման մասնակցություն ցուցաբերեն:
Տեղական ինքնակառավարման մարմիններին դիմողները սովորաբար պետական լեզվին տիրապետող քաղաքացիներն են։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցված այն երիտասարդները, ովքեր չեն դիմել ՏԻՄ-ին ո՛չ անձնական, ո՛չ հանրային հարցով, նրանց վրաց լեզվի իմացության միջին ցուցանիշն ավելի ցածր է, քան գոնե մեկ անգամ դիմածներինը:
Ինքնակառավարման մակարդակով բյուջեի մշակման գործընթացում անմիջականորեն ներգրավված են թիրախային խմբի ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն ունեն որոշելու, թե ինչի վրա պետք է ծախսվեն քաղաքապետարանի բյուջեից հատկացված միջոցները։
Ժողովրդավարացման գործընթացում, բացի քաղաքական կուսակցություններից, կարևոր բաղադրիչ է նաև տեղական ինքնակառավարումը, քանի որ դրա գոյությունն ու հզորությունը տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքն է։ Այն ենթադրում է քաղաքացու իրավունքն ու պատասխանատվությունը՝ մասնակցելու այն խնդիրների լուծմանը, որոնք անմիջականորեն առնչվում են իրեն և իր բնակության տարածքին։ Ըստ այդմ, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քաղաքական մասնակցության հիմնական դերերից է։
«Արդյո՞ք դուք դիմել եք ՏԻՄ-ին՝ ելնելով անձնական կամ ընտանեկան կարիքներից» հարցին, հարցվածների 69,9%-ը պատասխանել է, որ երբևէ նման հարցով չի դիմել, 14,4%-ն է ՏԻՄ-ին դիմել ցանկացած խնդրով։ Ինչ վերաբերում է հանրային կարիքների համար ՏԻՄ-ին դիմելուն, ապա հնարավորությունից օգտվում են քչերը. հարցվածների 76,5%-ն այդ նպատակով չի դիմել ՏԻՄ-ին, միայն 9,9%-ն է դիմել որևէ խնդրի վերաբերյալ:
Լաուրա Անեսյանի կարծիքով, Սամցխե-Ջավախեթիում երիտասարդներն ակտիվ են և գնալով՝ տարբեր ակտիվությունների շնորհիվ, ավելի մեծ պրոգրես են ապրում:
«Նորանոր բացահայտումներ ենք անում, Վրաստանի տարբեր շրջաններ այցելում, կատարելագործվում, այնուհետև ստացած գիտելիքով կիսվում ենք շրջապատի հետ», — ասում է Լաուրան:
Նրա հավաստմամբ, կարևոր է, որ երիտասարդների շրջանում ցանկությունն ու հետաքրքրվածությունը լինի, որպեսզի նրանց դրդի համայնքի բարգավաճմանն ուղղված նորանոր բացահայտումների։ Նա նշում է, սակայն, շրջանում սեփական իրավունքների մասին իրազեկվածությունը դեռևս ցածր է։
Ինչ վերաբերում է իրազեկվածության մակարդակին, որ յուրաքանչյուրը կարող է մասնակցել քաղաքապետարանի զարգացման ռազմավարության մշակմանը, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` շուրջ 85%-ն ասում է, որ տեղեկացված չէ այդ մասին, իսկ մոտ 8%-ը թեև տեղյակ է, սակայն ստույգ չգիտի, թե ինչպես մասնակցել։
Վերոնշյալ հարցերի շուրջ հարցվածների իրազեկվածությունը որպես կանոն մեծ կապ ունի վրացերենի իմացության հետ։ Պարզվում է, որ վրացերենի իմացության ցուցանիշին զուգընթաց բարձրանում է իրազեկվածության մակարդակը։
Ինչ վերաբերվում է երիտասարդական կենտրոններին, ապա դրանք այստեղ՝ Սամցխե-Ջավախքում, քիչ են, բացի այդ, խնդիր է նաև դրանցում ներգրավված լինելը. տարբեր պատճառներով երիտասարդները հաճախ չեն մասնակցում երիտասարդական կենտրոնների կազմակերպած միջոցառումներին կամ հավաքներին: Գյուղերից քաղաք՝ Նինոծմինդա կամ Ախալքալաք հեռավորությունը խոչընդոտ է, որ շատերին զրկում է ինտեգրման այս տեսակի հնարավորություններից:
Մարիաննա Կարապետյանը նշում է, որ վերջին շրջանում մի դրական միտում է նկատվում․ նոր ծրագրեր իրականացնողները հաշվի առնելով հեռավոր համայնքների խնդիրները, իրենք են գնում գյուղեր, այցելում դպրոցներ, այդպիսով երիտասարդներին ավելի հասանելի դառնում:
Ըստ օրենքի՝ Տեղական ինքնակառավարումը Վրաստանի քաղաքացիների իրավունքն ու հնարավորությունն է․ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Վրաստանի օրենսդրության շրջանակներում, բնակչությունը հնարավորություն ունի տեղական նշանակության հարցեր լուծել՝ բարելավելու համայնքային կյանքը։