Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը (ՀՔԾ) հերքում է այն լուրերը, թե Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
ՀՔԾ-ն հորդորում է լրատվամիջոցներին և հանրությանը զերծ մնալ ապակողմնորոշիչ, թերի և մասնակի տեղեկատվության շահարկումներից։
«Հանրությանը մոլորեցնելու, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին սխալ պատկերացումներ ստեղծելու նպատակով որոշ լրատվամիջոցներ տեսանյութ են տարածել, ըստ որոնց՝ դատապարտյալը չի կարող ինքնուրույն կատարել տարրական ֆիզիկական գործողություններ և շարժվել առանց օգնության։
Կեղծ տեղեկատվական արշավի նպատակը հասարակական հուզումներ առաջացնելն է և երկրի դրական իմիջին վնասելը։ Հանրությանը օբյեկտիվ իրազեկելու նպատակով հրապարակում ենք մի քանի տեսագրություն, որտեղ պարզ է դառնում, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշել են ՀՔԾ-ից: