Վրաստանը ՌԴ-ի համար «համեմատաբար բարեկամ» երկիր է, ՀՀ-ն՝ «տատանվող»

Վրաստանը Մոլդովայի հետ միասին Ռուսաստանում համարում են «համեմատաբար բարեկամ երկիր», գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ Մոսկվայի Կապի զարգացման ազգային հետազոտական ​​ինստիտուտն ամեն տարի ուսումնասիրում է Ռուսաստանի հետ հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:

Տեղեկության համաձայն, ուսումնասիրված 14 երկրներից 8-ը ճանաչվել են «բարեկամ», չորսը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Ուկրաինան հայտնվել են «բացահայտ թշնամիների» շարքում, իսկ Վրաստանը և Մոլդովան համարվել են «համեմատաբար բարեկամ» պետություններ։

Ռուս փորձագետները ուշագրավ են համարել Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումը, քանի որ «Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և ընդլայնում է տնտեսական համագործակցության հնարավորությունները Դաշնության հետ»։

Ռուսաստանի դաշնակից պետությունը՝ Բելառուսը, եղել և մնում է վարկանիշի անվիճելի առաջատարը, որն ամենաբարձր վարկանիշն է ստացել հաղորդակցության բոլոր տեսակներում։ Հարաբերությունների դինամիկայի բարելավում է նկատվել նաև Ռուսաստանի բարեկամ երկրների՝ Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ։ Սակայն Հայաստանն ու Ղազախստանն ընդգրկված են «տատանվող ռեժիմների» խմբում, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմությունը սկսում է վերանայվել, և կապի զարգացման պայմանները, ամենայն հավանականությամբ, կփոխվեն դեպի վատը։

Ի պատասխան ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների՝ Ռուսաստանը հաստատել է «անբարյացակամ երկրների» ցուցակը՝ ներառյալ մոտ 50 երկրի։ Դրանց թվում են ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան։