Թբիլիսիի քաղաքապետարանի գենդերային հավասարության խորհրդի նախաձեռնած «Ոչ կանանց նկատմամբ բռնությանը» արշավը շարունակվում է։ Արշավի շրջանակներում սակրեբուլոյում (ավագանի) տեղի ունեցավ հանդիպում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարում էին Թբիլիսիի ճգնաժամային կենտրոնի տնօրեն Ինդիրա Ռոբաքիձեն, Թբիլիսիի սակրեբուլոյի ազգային փոքրամասնությունների բաժնի ղեկավար Ռիտա Խիդիրբեգաշվիլին, սակրեբուլոյի անդամներ Թինաթին Նիբլոշվիլին և Նինո Ռուխաձեն։
Հանդիպմանը ներկա էին Վրաստանում բնակվող տարբեր համայնքների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ստացան հնչեցնել իրենց հուզող հարցերը։
Ինդիրա Ռոբաքիձեն նշեց, որ բռնության տեսակների և դրա դեմ պայքարի վերաբերյալ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների շրջանում քիչ տեղեկատվությունը, ինչի պատճառը լեզվի չիմացությունն է․
«Շատ դեպքերում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն համարձակվում դիմել համապատասխան մարմինների, որ բռնության զոհ են դարձել, կամ չունեն պատշաճ տեղեկություն, թե ինչպես պետք է օգնություն խնդրել։ Ըստ այդմ, կարևոր է, որ Վրաստանում ապրող բոլոր ոչ վրացալեզու քաղաքացիները իմանան, որ ընտանեկան բռնության հարցով խորհրդակցական թեժ գիծ է գործում՝ 116 006 հեռախոսահամարով՝ 9 լեզվով, 112-ը ևս 9 լեզվով է հասանելի (այդ թվում նաև հայերեն):
Օպերատորները, ովքեր պատասխանում են զանգերին, իրավաբաններ են։ Նրանք պատրաստ են լսել խնդիրը և այդ մասին տեղեկությունը փոխանցել համապատասխան մարմնին, կլինի դա ներքին գործերի նախարարություն թե այլ», — նշեց Ռոբաքիձեն։
«Ալիք մեդիայի» հարցին, թե խնդրի առնչությամբ ինչ վիճակագրություն էթնիկ փոքրամասնությունների շրջանում, մասնագետը պարզաբանեց․
«Բռնություն կա բոլոր երկրներում, այդ թվում նաև Վրաստանում, դա պարզ է, կարելի է ասել միշտ է եղել։ Վիճակագրության մասին խոսելով չենք կարող չնշել, որ թյուր կարծիք է, թե բռնությունը վերջին տարիներին ավելացել է, ընդհակառակը, այն նվազել է, սակայն ավելի շատ է խոսվում այս թեմայով, քանի որ առաջ մարդիկ չէին համարձակվում բարձրաձայնել և պաշտպանել իրենց իրավունքը։
Ինչ վերաբերում է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ապա հատկանշական է, որ նրանց կողմից ահազանգերի մեծամասնությունը վաղաժամ ամուսնության հետ է կապված», — պատասխանեց Ռոբաքիձեն։
Թրաֆիքինգի զոհերի խնամքի և աջակցության պետական գործակալության վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին Թբիլիսիի ճգնաժամային կենտրոն է ահազանգել 3161 քաղաքացի, որից 2416-ը կանայք են։
Հանդիպման շրջանակներում «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Մարի Առաքելովան հանդես եկավ իր առաջարկներով, որոնց թվում էր էթնիկ փոքրամասնություններին իրենց մայրենի լեզվով տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Առաքելովան նշում է ․ «Շատ կարևոր է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում, իհարկե նաև վիրահայ համայնքի համար ցանկացած տեսակի բռնության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, քանի որ բռնությունը բռնություն է ծնում»։
Նրա խոսքով իրազեկվածության մակարդակն այս ուղղությամբ բավարար չէ, ինչը անհանգստանալու տեղիք է տալիս։
«Իրազեկվածության մակարդակը շատ ցածր է թե՛ մեր համայնքում, թե՛ ողջ երկրում։ Լուծումը մեկն է՝ մենք պետք է պայքարենք բռնության դեմ և կենտրոնանանք զարգացման ու կրթության մակարդակի բարձրացման վրա, այդ դեպքում բռնության մակարդակը կարող է նվազել», — նշում է ՀԿ-ի տնօրենը։