Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան փորձում է համաձայնության հասնել Թբիլիսիի հետ Վրաստանի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում ուժ չկիրառելու վերաբերյալ ։
«Մեզ համար հատկապես կարևոր է Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգությունը։ Ինչպես գիտեք, այդ տարածքներում տեղակայված են ռուսական ռազմակայաններ, մենք համատեղ պաշտպանում ենք պետական սահմանները՝ դրսից հնարավոր սադրանքներից խուսափելու համար։ Մենք փորձում ենք հասնել նրան, որ Վրաստանը համաձայնի այդ երկրների դեմ ուժ չկիրառելու հարցում։ Սա տարածաշրջանում կայունության հիմքն է», — ասել է Զախարովան փետրվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ ուժի չկիրառումը Ժնևի բանակցությունների հիմնական խնդիրներից է։ Վրաստանն արդեն միակողմանի պայման է դրել ուժի չկիրառման մասին և նույնը պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանը, որը հայտարարում է, թե իրեն չի համարում հակամարտության կողմ, ցանկանում է, որ Վրաստանը պաշտոնապես նմանատիպ համաձայնագրեր ստորագրի Աբխազիայի և դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության հետ։ Նման նախաձեռնությունն անընդունելի է վրացական կողմի համար։