Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ փետրվարի 13-ին Հանրային անվտանգության կառավարման կենտրոնում՝ 112-ում, հաղորդում է ստացվել, ըստ որի` Բաթումի քաղաքում լողափին պայթյուն է որոտացել:
Ըստ ՆԳՆ-ի՝ հաղորդումը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները՝ հրշեջներ ու փրկարարներ, պարեկային ոստիկանության և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հաղորդագրության համաձայն, հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի առաջին մասով։
Հարկ է նշել, որ ուկրաինական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հաղորդում երկրի Սև ծովի ափին ծովային ականների պայթյունների մասին։ Ի դեպ, հունվարին Բուլղարիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ ջրասուզակները ոչնչացրել են երկրի ափի մոտ գտնվող ծովային ական։ Թուրքիայի ռազմածովային ուժերը նաև հայտարարել են, որ շարունակում են պայքարը Սև ծովում ականների վտանգի դեմ։