Եվրախորհրդարանը որոշում կընդունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին արտասահման բուժման նպատակով տեղափոխելու հարցի վերաբերյալ։
Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանում Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի շուրջ հրատապ քննարկում է տեղի ունեցել, իսկ համապատասխան բանաձևի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին։ Բանաձևի 5 նախագիծ են պատրաստել տարբեր քաղաքական խմբեր, որոնց հեղինակներն են Սոցիալ-դեմոկրատները, Renew Group-ը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (EPP), Կանաչները/Եվրոպական ազատ դաշինքը, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբը (ECR):
Հինգն էլ, նրանց թվում՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» գործընկեր եվրոպական «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը և վրացական հարցերով զեկուցող Սվեն Միքսերի հեղինակած բանաձևի նախագիծը կոչ են անում Սաակաշվիլիին տեղափոխել արտերկիր՝ բուժվելու։
Բանաձևի նախագծում ընդգծվում է, որ միայն արդարադատության իրական բարեփոխումները թույլ կտան Վրաստանին հաղթահարել իր քաղաքականության, լրատվամիջոցների, բիզնեսի և հասարակության վնասակար բևեռացումը՝ դրանով իսկ օգնելով իրականացնել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հիմնական առաջնահերթությունները։
Renew Group-ի տեքստը կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին օգտագործել ներման իր սահմանադրական իրավունքը՝ խնդիրը լուծելու համար: ECR խմբի և EPP-ի երկու ներկայացուցիչների պատրաստած բանաձևի նախագծում ընդգծվում է Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անձնական ներդրումը Սաակաշվիլիի վիճակի վատթարացման գործում։ Երկու նախագծերն էլ կրկնում են Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչը։
Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բանաձևի վերջնական տեքստը հայտնի կդառնա փետրվարի 15-ի քվեարկության ժամանակ, և դա կարող է լինել քաղաքական խմբերի միջև համաձայնեցված փոխզիջումային տարբերակ։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Սաակաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավորը չի հաստատել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։
Քաղաքային դատարանի որոշումից հետո ՄԱՇ-ում տեղի է ունեցել ճեպազրույց` կուսակցության հետագա անելիքների թեմայով։ Խաբեիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և անցնում ամենօրյա բողոքի ռեժիմի։