Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը ցուցադրել է Միխեիլ Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում գտնվելու ժամանակ տեսագրված կադրեր։ Կադրերում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին կորցնում գիտակցությունը տարբեր օրերի ընթացքում։
Կադրերը թվագրված են անցյալ տարվա հոկտեմբերի 4 և հոկտեմբերի 6։ Դրանք տրամադրել է ամերիկացի փաստաբանը, որը հաղորդման ընթացքում խոսել է նախկին նախագահի առողջական ծանր վիճակի մասին։
Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փաստաբան Մասսիմո Դ’Անջելոն նշել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ տեղափոխել բուժման, քանի որ նրա օրգանիզմում վտանգավոր պրոցեսների լուրջ վտանգ կա։
Նշենք, որ նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում է գտնվում 2022 թվականի մայիսի 12-ից։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն չի բավարարել Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների խնդրանքը՝ առողջական պատճառներով պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու վերաբերյալ։