Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի, թե ինչպիսի հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ, բայց ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման վերաբերյալ դիրքորոշումը պետք է համահունչ լինի Եվրամիության որդեգրած դիրքորոշմանը։ Այս տեսակետը նա հայտնել է Interpresnews.ge-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանից Ուկրաինա անարդարացի և չափազանց դաժան ներխուժումից հետո ԵՄ անդամ 27 երկրներ միաձայն որոշեցին արգելել ուղիղ ավիաչվերթերը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: Այս որոշումն ընդունեցին ոչ միայն ԵՄ անդամ երկրները, այլև շատ այլ համախոհ երկրներ: Ես հասկանում եմ իրավիճակի զգայունությունը, և սա կախված է Վրաստանից և Վրաստանի իշխանություններից, սակայն Վրաստանի որոշումը պետք է հնարավորինս համապատասխանի ԵՄ-ի դիրքորոշմանը», — ասել է դեսպանը։
Լրագրողը նաև հարցրել է Պավել Հերչինսկիին, թե ինչ է մտածում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վրացական իշխանություններին ուղղված գովասանքի մասին, ինչին դեսպանը պատասխանել է.
«Վրացիները ռուսներին շատ լավ գիտեն, պետք չէ հիշեցնել, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը կենտրոնական իշխանության վերահսկողության տակ չէ։ Իմ կարծիքով, սա փորձ է խոչընդոտելու, հետաձգելու կամ տապալելու Վրաստանի ԵՄ անդամակցության ձգտումը: Ամենևին էլ զարմացած չեմ, քանի որ սա ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դասական օրինակ է»։
Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019 թվականի հուլիսի 8-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականի հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռուսական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի Վրաստան։