Ցույց՝ հաջակցություն ձերբակալված նկարչի

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ Ազգային պատկերասրահի դիմաց, արվեստի և տարբեր ոլորտների ներկայացուցիչները «Արվեստը կենդանի է և անկախ» խորագրով բողոքի ցույց են անցկացրել ի պաշտպանություն 2023 թվականի փետրվարի 4-ին Ազգային պատկերասրահում բացված «Ինքնադիմանկար հայելու հետ» ցուցահանդեսի մասնակից Սանդրո Սուլաբերիձեի:

Ցույցի մասնակիցները նշել են, որ հավաքվել են Ազգային պատկերասրահի մոտ՝ բողոքելու նկարիչ Սուլաբերիձեի դեմ «ազատ ստեղծագործական մտքի, լիովին անտեղի սկսած դատական ​​վեճի դեմ»։ Հարկ է նշել, որ տեղում մոբիլիզացված է եղել նաև պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ։

Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 4-ին Ազգային պատկերասրահում բացված «Ինքնադիմանկար հայելու հետ» ցուցահանդեսի մասնակից Սանդրո Սուլաբերիձեն հանել է սեփական աշխատանքը և դրա տեղում պատին գրել «Արվեստը կենդանի է և անկախ» արտահայտությունը։

Տեղի ունեցածի պատճառով նույն օրը հարուցվել է քրեական գործ գողության մեղադրանքով` Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը պատժվում է տնային կալանքով՝ մեկից երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով:

Նշենք՝ փետրվարի 12-ին Ազգային պատկերասրահի տնօրեն Մացացո Գաբունիան սոցցանցում արձագանքել է տեղի ունեցածին ու Սուլաբերիձեի արարքը բնորոշել «մանկական չարաճճիություն»։

Փետրվարի 11-ին «Ինքնադիմանկար հայելու հետ» ցուցահանդեսի մասնակիցները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ազատության գաղափարի վրա հիմնված կազմակերպությունների և արվեստագետների նկատմամբ «բռնաճնշումները»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է նկարիչ Սուլաբերիձեի դեմ գողության մեղադրանքով հետաքննություն սկսելուն։

«20 ոստիկանական մեքենա Կապույտ պատկերասրահի հետնաբակում է: Արվեստագետն այսպիսի վտա՞նգ է ներկայացնում պետության համար: Մեզ այլ դարաշրջան է հիշեցնում և իսկապես խայտառակում է ժամանակակից Վրաստանը»,- ասել է Զուրաբիշվիլին։