«Transparency international-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության մեջ նշված է, որ Վրաստանի կառավարությունը համակարգված մոտեցում չունի ապատեղեկատվության դեմ պայքարում, ավելին, այն հաճախ հանդես է գալիս որպես հակաարևմտյան նարատիվներ տարածող։
Կազմակերպությունն անհրաժեշտ է համարում, որ իշխանությունները թարմացնեն ռազմավարական փաստաթղթերը՝ համաձայն աճող ապատեղեկատվական սպառնալիքների, ցուցաբերեն քաղաքական կամք և արդյունավետ լինեն առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում։
«Transparency international-Վրաստան»-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին նշում է, որ ռուսական ապատեղեկատվությունը մեծ խնդիր է Վրաստանում։
«Երբ խոսում ենք քաղաքացիների հետ, իհարկե, երևում է, որ երկրում շատ ակտիվորեն տարածվում են ապատեղեկատվական նյութեր, և շատերը հավատում են դրանց։ Սա, իհարկե, խնդիր է։ Եթե սկզբում խոսում էինք ինչ-որ ապատեղեկատվության մասին, օրինակ, նույն ԵՄ-ն կամ Ամերիկան ցանկանում է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և այլն, և մտածում, որ մարդիկ կարող են չհավատալ դրան, թվում է, թե ամեն ինչ այդպես չէ։ Սրա պատճառն այն է, որ այս ապատեղեկատվական մեքենան շատ լավ է աշխատում, և համակարգն ամբողջությամբ կազմակերպված է»,- ասել է Էկա Գիգաուրին։
Ըստ հասարակական կազմակերպության՝ տարբեր պետական կառույցներում ստեղծվել են ծառայություններ, որոնք աշխատում են ապատեղեկատվության և կիբերանվտանգության ուղղությամբ, սակայն խնդիրը մնում է նշված մարտահրավերի ճշգրիտ վերլուծությունը, միջգերատեսչական համակարգումը և կոնկրետ գործողությունների արդյունավետությունը։