Վրաստանի խորհրդարանն արագորեն փոփոխություն ընդունեց Ընտրական օրենսգրքում, որը վերաբերում է «գենդերային քվոտավորման» օրենքին։ Փոփոխությունները երկուսն են, մասնավորապես․
- Երկարաձգվել է գենդերային քվոտաների ժամկետը, և եթե գործող օրենսդրությամբ ժամկետը մինչև 2032 թվականն էր, ապա փոփոխություններից հետո օրենքը կգործի 2032 թվականը ներառյալ, հետևաբար՝ կգործի նաև հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ։
- Գործող օրենքով` եթե կին պատգամավորը լքում էր և՛ խորհրդարանը, և՛ սակրեբուլոն, նրան փոխարինում էր հաջորդ կին պատգամավորը, իսկ տղամարդու դեպքում՝ տղամարդ պատգամավորը։ Օրենքում կատարված փոփոխություններից հետո տղամարդ պատգամավորի հեռանալու դեպքում նրան ոչ թե կփոխարինի հաջորդ տղամարդը, այլ ցուցակի հաջորդ անդամը։ Հետևաբար, եթե ցուցակի հաջորդ անդամը կին է, ապա նա հնարավորություն կունենա դառնալու պատգամավոր։
Նշենք, որ 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց քվոտավորման մեխանիզմը՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետ կերպով կանանց ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին։
2021 թվականին նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չէր կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով; Այն ուժը, որը հրաժարվում էր կին թեկնածուին տրամադրել իր մանդատը` զրկվում էր մանդատից: