Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհված Վրաստանի երեք քաղաքացիներից մեկի աճյունն արդեն տեղափոխվել է Վրաստան։
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավայի խոսքով, Թուրքիայում Վրաստանի դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են շուրջօրյա, և ավելի քան հազար հեռախոսազանգ է ստացվել Վրաստանի քաղաքացիներից և նրանց ընտանիքի անդամներից։
«Այս պահին պարզվել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների գտնվելու վայրը, նրանց վիճակը բավարար է, Գազիանթեփում և Իսկանդրունում երկու քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում աղետի գոտում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարհանման և նրանց օգնելու այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ։ Աղետի գոտում ազատ տեղաշարժը դեռ ընդհատված է, իսկ ավտոճանապարհներին վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Միայն փրկարար խմբերն ու մարդասիրական օգնության ավտոշարասյուները կարող են ազատ տեղաշարժվել աղետի գոտու ուղղությամբ»,- ասել է Ջանջղավան։
Նշենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 13 հազարի։ Փետրվարի 9-ի առավոտյան Թուրքիայի արտակարգ իրավիճակների (ԱԻ) ծառայության թարմացրած տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է 12 հազար 873 մարդ, վիրավորվել՝ 62 հազար 937 մարդ։
Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որն ընդգրկում է Թուրքիայի 10 նահանգ՝ ներառյալ Քահրամանմարաշը, Գազիանթեփը, Հաթայը, Ադանան, Դիարբեքիրը և Մալաթիան։ Աշխատանքներին ներգրավված է 113 հազար 200 թուրք և օտարերկրյա փրկարար, նրանց թվում են 100 վրացի փրկարարներ, որոնք աշխատում են Ադիաման քաղաքում։
Ի դեպ, փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանին: Թուրքիայի ԱԻ ծառայության տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։ Փետրվարի 6-ին՝ կեսօրից հետո, էպիկենտրոնում գրանցվել է ևս 7,6 մագնիտուդով երկրաշարժ։