Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի հաստատման մասին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Կովկասյան տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգետիկ մալուխի կառուցում, գրում է BusinessPressNews-ը:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման վերաբերյալ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Բուխարեստում։
Այսպիսով, նշված համաձայնագիրը մտել է ուժի մեջ, որից հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը հանձնարարվել է ապահովել դրա դրույթների կատարումը։ Բացի այդ, նախագահի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ծանուցել Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարություններին՝ ադրբեջանական կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին։
Ռազմավարական գործընկերությունը վերաբերելու է Black Sea Energy ստորջրյա էլեկտրական մալուխի կառուցմանը, որը կունենա 1 000 մեգավատ հզորություն և 1 195 կմ երկարություն։ Նախագծի համաձայն՝ ստորջրյա էլեկտրական մալուխի միջոցով Ադրբեջանում արտադրվող կանաչ էներգիան Վրաստանով և Սև ծովով կհասցվի Ռումինիա, այնուհետև՝ Հունգարիա և եվրոպական մյուս երկներ՝ հետագա փոխադրումների միջոցով։
Ներկայումս նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է, որը կավարտվի 2023 թվականի սեպտեմբերին, նրա կառուցումը կտևի 3-4 տարի։
Ընդգծենք, որ Black Sea Energy-ն աշխարհի ամենաերկար էլեկտրական մալուխը կլինի, որի համար Եվրահանձնաժողովը նախատեսում է հատկացնել 2,3 միլիարդ եվրո։
Սևծովյան էներգետիկ մալուխը Վրաստանի անվտանգության երաշխի՞ք, թե՞ տնտեսական առավելություն. կարծիքներ