Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հայտնել է, որ այսօր առավոտվա դրությամբ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլատակների տակ փնտրում են Վրաստանի երկու քաղաքացու։
Դեսպանը նշել է, որ անցած օրվա ընթացքում Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների տակից դուրս են բերվել Վրաստանի 4 քաղաքացիներ, նրանք տեղափոխվել են անվտանգ տարածք։ Ըստ Ջանջղավայի՝ դեսպանությունը կապի մեջ է Վրաստանի ավելի քան 100 քաղաքացիների հետ:
«Ցավոք սրտի, մենք դեռ չենք գտել մեր 2 քաղաքացիներին, ովքեր փլատակների տակ են։ Աշխատանքները շարունակվում են»,- ասել է Թուրքիայում Վրաստանի դեսպանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) որոշմամբ Թուրքիայում փրկարարական աշխատանքներում ներգրավված վրացի փրկարարներին կմիանան Վրաստանից ևս 40 փրկարարներ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ փրկարարական ջոկատը համալրված է հրշեջներով, շուն փրկարարներով, երկրաշարժի վերացման և փրկարարական միջոցառումների ուղղությամբ մասնագիտացած փրկարարներով: Փետրվարի 6-ին 60 փրկարար արդեն մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու որոնողափրկարարական աշխատանքներին։
Նշենք, որ փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9 500-ը։ Թուրքիայում գրանցվել է 7 108 զոհ, իսկ սիրիական պետական լրատվամիջոցները խոսում են 2 547 զոհի մասին։