ՄԱՇ-ը Սաակաշվիլիին բուժման ուղարկելու պահանջով անժամկետ ցույցեր կկազմակերպի

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն այսօր` ժամը 17:00-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանցկացնի։

ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտնել է, որ բողոքի ցույցը կլինի ամենօրյա` մինչև որ արդյունքի հասնեն, և Սաակաշվիլիին բուժման մեկնելու հնարավորություն տրվի։

Ի դեպ, ՄԱՇ-ը երեկ երեկոյան բողոքի ցույց է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան դիմաց։ ՄԱՇ-ը բողոքի շարունակական ալիք էր հայտարարել այն բանից հետո, երբ դատարանը հրաժարվել էր հետաձգել Սաակաշվիլիի պատիժը։

Երրորդ նախագահի փաստաբանները դիմել են դատարան՝ Սաակաշվիլիի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ չեղարկելու խնդրանքով։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն նշված միջնորդությունը քննարկել է մոտ երկու ամիս, իսկ երեկ՝ մերժել միջնորդությունը:

Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։ Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր: Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։