Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն չի բավարարել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Կողմերի եզրափակիչ ելույթը լսելուց հետո Արևաձեն անմիջապես հայտարարել է որոշման մասին։
«Մենք 15 նիստ ենք անցկացրել, հարցաքննել ենք 24 վկայի… Միխեիլ Սաակաշվիլիի՝ հիվանդության պատճառով պատիժը հետաձգելու կամ ազատելու միջնորդությունը չպետք է բավարարվի»,- ասել է դատավորը, որին դատավարության մասնակիցներն արձագանքել են զայրույթով ու բղավոցներով։
Հարկ է նշել, որ մինչ դատավորի որոշումը, երեկվա դատական նիստին եզրափակիչ խոսքով հանդես են եկել կողմերը, փաստաբանները, քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։
Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն որոշումն ամոթալի է անվանել։ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի խոսքով, հաջորդ քայլը կլինի Ստրասբուրգին դիմելը, մինչդեռ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նորընտիր նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ իրենք այդ հարցը կքննարկեն կուսակցության գրասենյակում։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։ Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր: Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։