Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Անթաքիա քաղաքում Վրաստանի քաղաքացի է զոհվել, տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
«Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը տեղեկություն է ստացել տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Անթաքիա քաղաքում Վրաստանի քաղաքացի Ն.Զ.-ի մահվան մասին։
Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների, ինչպես նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ»,- նշել են ԱԳՆ-ից:
Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով.
Անկարայում Վրաստանի դեսպանատուն +905336903040, +905392208280,
Ստամբուլում գլխավոր հյուպատոսության +905418184400,
Տրապիզոնում գլխավոր հյուպատոսություն +905413262226:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին և իրենց ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին և երկրի նախագահին։
Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում՝ զոհվել է առնվազն 284, Սիրիայում՝ 320 մարդ։
Reuters-ը, հենվելով պաշտոնական աղբյուրների վրա, հաղորդում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 3 000 մարդ։