Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Netgazeti.ge-ի հարցին ի պատասխան Ստանոն գրել է, որ Վրաստանը պետք է զգոն լինի, որպեսզի Ռուսաստանը չկարողանա շրջանցել պատժամիջոցները։
«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց ռուսական ավիացիայի դեմ և արգելեց թռիչքները դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով։
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն լինել որպեսզի ՌԴ-ն չկարողանա պատժամիջոցները շրջանցել», — գրել է Ստանոն։
Նա հավելել է, որ ԵՄ-ը քննարկում է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակցում կամ աջակցում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը։