Պետդումայի պատգամավորը սպառնում է Թբիլիսիին

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, իրավիճակը Վրաստանի սահմաններին կարող է վատթարանալ, եթե Վրաստանի կառավարությունը տեղի տա իր վրա գոյություն ունեցող ճնշումներին:

Զատուլինը պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, թե Վրաստանի խնդիրները՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, պետք է լուծվեն Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքմամբ:

«Որպեսզի Վրաստանի խնդրանքը կատարվի, պետք է առաջին հերթին պարտության մատնել Ռուսաստանին, որից հետո միայն բարձրացնել հարցեր՝ պահանջելու Ռուսաստանից»,- ասել է Զատուլինը:

Ռուսաստանցի պատգամավորի խոսքով՝ Թբիլիսին կապ չունի ուկրաինական պատերազմի հետ, ուղղակի «փորձում է գին սահմանել ու հերթական անգամ ինչ-որ բան պահանջել Ռուսաստանից»։ Զատուլինի գնահատմամբ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանի վերադարձը Վրաստանին «երազանքների և երևակայությունների աշխարհում է»։

Նրա խոսքով, համաշխարհային պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պատերազմին չմասնակցած երկրները որոշակի օգուտներ են քաղել հակամարտության ավարտից հետո։ Օրինակ՝ Անգլիան ռուս-թուրքական պատերազմի արդյունքում գրավեց Կիպրոսը, թեև ինքը չմասնակցեց ռազմական գործողություններին։

«Բայց Վրաստանը Անգլիա չէ»,- ասել է Զատուլինը։

Ի դեպ, փետրվարի 1-ին Bloomberg-ին տված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի մասին հաշտության համաձայնագրում պետք է կետ ներառվի, որը Կրեմլին կստիպի հրաժարվել վրացական տարածքների օկուպացումից։