Վրացի վերլուծաբաններն, ամփոփելով Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնի» (HRC) հրապարակած 2022 թվականի զեկույցը, որում գնահատվել է մարդու իրավունքների ոլորտում վերջին մեկ տարվա իրավիճակը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասում են, որ Վրաստանում 2022 թվականին հավասարության իրավունքի պաշտպանությունը մտահոգիչ էր: Նրանց պնդմամբ, Վրաստանի կառավարությունն օրենսդրական առումով բավարար աջակցություն չի ցուցաբերում կանանց իրավունքների, երեխաների, LGBT համայնքի, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է այն իրավիճակին, որ երկրում այս խմբերը շարունակում են խոցելի մնալ:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի կառավարությունը պետք է ավելի լավ, աջակցող օրենսդրական բարեփոխումներով հանդես գա, որոնք ուղղված կլինեն կանանց, երեխաների, LGBT համայնքի, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին:
«Վերլուծությունը, իհարկե, ցավալի է և ուշագրավ, բայց լավ է, որ նմանատիպ վերլուծություններ հրապարակվում են, քանի որ դրանք ևս մեկ անգամ իրազեկում են մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությիւններին, մարդու իրավունքների պաշտպանին, նաև Վրաստանի կառավարութանը՝ երկրում տեղի ունեցողի մասին»,- նշեց կոնֆլիկտաբանը:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ վերլուծությունը հնարավորություն կտա վերոնշյալ կազմակերպություններին և գերատեսչություններին ավելի լավ տեսնել ու քայլեր ձեռնարկել այս իրավիճակը մեղմելու համար, քանի որ անելիքներ շատ կան:
Կոնֆլիկտաբանն ընդգծում է՝ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ, այսպես կոչված` պահպանողական խմբերը դեմարշ արեցին LGBT համայնքի դեմ, դա ավելի ուժեղացրեց պահպանողականներին, քանի որ պետությունը համապատասխան ձևով չարձագանքեց.
«Եվ պահպանողականները ոչ միայն վտանգ են ստեղծում LGBT-ի, այլ նաև մյուս խոցելի խմբերի նկատմամբ: Պետությունը պետք է կոշտ արձագանքի 2021-ի հուլիսի 5-ի դեպքերին՝ հետագայում նմանատիպ դեպքերից խոսափելու համար»:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին նշեց, որ Վրաստանը բավականին պահպանողական երկիր է, որտեղ զգալիորեն ուժեղ է նաև ուղղափառ եկեղեցու ազդեցությունը։ Ըստ նրա, այս ամենին գումարվում է խորհրդային շրջանի քարոզչությունը, «հոմո սովետիկուս» ստեղծելու փորձը և խորհրդային բարոյականության ճնշումը, որը կրթության որակի մտահոգիչ մակարդակի հետ մեկտեղ ստեղծում է վախ «օտարից», որն ուղղակիորեն վերածվում է ատելության:
«Ամենակարևորը «օտարի» այս հասկացությունը ճեղքելն ու ընդհանուրի վրա կենտրոնանալն է, ինչպես նաև ընդհանրապես կրթությանը ավելի շատ ռեսուրսներ հատկացնելը: Սա միակ ճանապարհն է հաղթահարելու օտարվածությունն ու խոր արմատացած վախերը»,- ընդգծեց Մելաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը» (HRC) հրապարակել է 2022 թվականի զեկույցը և գնահատել մարդու իրավունքների ուղղությամբ վերջին մեկ տարվա իրավիճակը։ Ըստ HRC-ի՝ Վրաստանում հավասարության իրավունքի պաշտպանության հետ կապված իրավիճակը մեծ մարտահրավեր է մնում։ Ըստ զեկույցի հեղինակների, ինչպես և նախորդ տարիներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, LGBTQI+ համայնքի ներկայացուցիչների, ոչ գերիշխող կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչների իրավական վիճակը դեռևս մտահոգիչ է։
HRC-ն նշել է, որ ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեն ողջունել է Վրաստանում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ ռասայական խտրականության հետ կապված գաղտնի հետաքննական գործունեության տարածումը։ Սակայն, ըստ HRC-ի՝ դրա հետ մեկտեղ, կոմիտեն կոչ է արել Վրաստանի հակախտրական օրենսդրությունը գործնականում արդյունավետ օգտագործել: