Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտության տվյալներով, միգրանտների ներհոսքը զգալի ազդեցություն է ունեցել Թբիլիսիում անշարժ գույքի շուկայի վրա։
Ըստ Galt & Taggart-ի՝ միգրանտների ներհոսքի պատճառով անշարժ գույքի վարձակալության գինը կտրուկ, զգալիորեն աճել է։
Մասնավորապես, ըստ Galt & Taggart-ի՝ 2022 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում անշարժ գույքի վարձակալության ինդեքսը դոլարով աճել է 112 տոկոսով, իսկ լարիով՝ 83,9 տոկոսով։ Դեկտեմբերին այս աճն արձանագրվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց առաջ ընկած ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։
Հետազոտության հեղինակների կարծիքով, նույն ժամանակահատվածում համեմատաբար դանդաղ տեմպերով աճել է նաև անշարժ գույքի գնման արժեքը։ Մասնավորապես, անշարժ գույքի արժեքը լարիով աճել է 11,2 տոկոսով, իսկ դոլարով՝ 28,3 տոկոսով։
Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո բազմաթիվ ուկրաինացիներ և ռուսաստանցիներ արտագաղթել են Վրաստան: ՌԴ-ից Վրաստան արտագաղթն ավելացավ հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին: