Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության ձևաչափով ՊՆ նախարարների հանդիպում Կարսում

Թուրքիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջունշեր Բուրճուլաձեն Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափով Կարսում հանդիպել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկության՝ Բուրճուլաձեն, Թուրքիայի ՊՆ Հուլուս Աքարը և Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանային զարգացման և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։

«Ուշադրություն է հրավիրվել համատեղ զորավարժությունների և պատրաստության կարևորության վրա, որոնք էլ ավելի են մերձեցնում երեք երկրների զինվորականներին և ամրապնդում պաշտպանության փոխհամատեղելիությունը, ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափի կարևորությունը, որը ծառայում է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վրաստանի ՊՆ նախարարը հրավիրված է մասնակցելու Թուրքիայում անցկացվող «Ձմեռ 2023» բազմազգ վարժանքների պատվավոր հյուրերի օրվան.

«Թուրքիան Կարս նահանգում ձմեռային լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Միջազգային դասընթացներին մասնակցում է 17 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և այլն։ Զորավարժությունն ուղղված է ձմեռային պայմաններում մարտական ​​հմտությունների ամրապնդմանը»: