Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ 2023 թվականի մարտի 20-ից քաղաքապետարանը կդադարեցնի գործող հին համակարգով A կարգի տաքսիներին թույլտվությունների տրամադրումը:
Կալաձեն նշել է, որ 2023 թվականի ապրիլի 1-ից քաղաքապետարանը նոր համակարգով A կարգի թույլտվությունները կտրամադրի մեկ անգամ։ Ըստ Կալաձեի՝ նշված թույլտվությունը կլինի վարորդի սեփականությունը։
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով, թույլտվությունը կտրամադրվի բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 20-ը ցանկացած պահի գոնե մեկ անգամ ունեցել են A կարգի թույլտվություն։
«Իսկ ապրիլի 1-ից նրանք, ովքեր կորոշեն ձեռք բերել տաքսու լիցենզիա, կկարողանան դա անել թույլտվություն ունեցող անձից գնելով կամ լիզինգով։ Ֆիզիկական անձանց հետ միասին այդ գործարքներին կկարողանան մասնակցել նաեւ իրավաբանական անձինք»,- ասել է Խմալաձեն։