ՌԴ Խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է վրացական կողմի համաձայնությունը, գրում է RadioTavisupleba-ն:
«Բնականաբար, մենք դա քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում: Այնուամենայնիվ, կա մի ասացվածք, որ տանգոն պարում են երկուսով։ Եթե դուետի անդամներից մեկը երկմտում է, ապա չես կարող ուժ կիրառել։ Նման հնարավորություն կա, և թե ինչ որոշում կկայացվի, միայն մեզնից չէ կախված»,- ասել է Կարասինը։
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս գովաբանել է Վրաստանի կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը: Լավրովը նաև խոսել է Վրաստանի և ՌԴ-ի միջև ուղիղ չվերթների վերսկսման մասին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել է 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված «Գավրիլովի գիշեր» հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չէր ընդունվել, ինչին հետևել էին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի ուղիղ թռիչքների հնարավոր վերականգնման մասին։