Վրաստանի Պատրիարքարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանի մշակույթի նախարարությանը կից Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պահպանության գիտահետազոտական ազգային կենտրոնի կողմից Քութայիսիում գտնվող Գելաթիի վանքի վերականգնման գործընթացի վերաբերյալ ներկայացված եզրակացության վերաբերյալ։
Պատրիարքարանը նշել է, որ կենտրոնի հեղինակած եզրակացությունը, որը նախարարությունն անվանել է «քաղաքականությունում ներգրավված մի խումբ անձանց կարծիքների ժողովածու», պատրաստվել է Պատրիարքարանի խնդրանքով, և այդ գործընթացը քաղաքականության հետ կապ չունի։
«Բազմաթիվ արտասահմանցի մասնագետների եզրակացությունների հետ մեկտեղ հարկ համարեցինք դրա գիտական գնահատականն ու մասնագիտական եզրակացությունը ներկայացնել Գիորգի Չուբինաշվիլու անվան կենտրոնին, որը պատմականորեն և այսօր անգնահատելի աշխատանք է կատարել մեր ազգային մշակույթի ուսումնասիրման և հանրահռչակման առումով։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե նշված եզրակացությունն արվել է մասնավոր կերպով, և այն չունի իրավական լեգիտիմություն, իրականությունը չի արտացոլում»,- նշված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:
Պատրիարքարանը նաև նշել է, որ գնահատում է կենտրոնի գիտական հեղինակությունը և հաստատում է գիտության նկատմամբ ունեցած հարգանքը.
«Կարող ենք հաստատել, որ այս եզրակացությունն ընդունվել է գիտական խորհրդի անդամների ներգրավմամբ և քվորումի պայմաններում այն ստորագրել և հաստատել է Գիորգի Չուբինաշվիլիի անվան կենտրոնի տնօրեն տիկին Մարիամ Գաչեչիլաձեն»:
Ի դեպ, Վրաստանի մշակույթի նախարարությանը կից Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պահպանության գիտահետազոտական ազգային կենտրոնը հունվարի 30-ին հրապարակել էր Քութայիսիի շրջանի Գելաթիի վանքի որմնանկարների վերաբերյալ հետազոտություն, որում ներկայացված են հուշարձանի պահպանության խնդիրները։
Կենտրոնը հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները չեն կատարվում: Ըստ ուսումնասիրության՝ ամբողջական, ամուր տանիքը Գելաթիի վանքը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն է, որը պետք է նախագծեն համապատասխան փորձ ունեցող միջազգային մասնագետները:
Ավելին՝
Գելաթիի վանքի տանիքի և պահպանման հիմնախնդիրները. հետազոտություն