Վրաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության կոմիտեի այսօրվա որոշմամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխվի և կկազմի 11 տոկոս:
ԿԲ-ը որոշումը բացատրել է մի քանի պատճառներով.
- Վրաստանում տարեկան գնաճը անցել է բարձրակետի շրջանը և ունի նվազման միտում, ինչը պայմանավորված է արտաքին գործոններից եկող ճնշման աստիճանական չեզոքացմամբ,
- միջազգային փոխադրումների արժեքը շարունակում է նվազել և դեկտեմբերի տվյալներով այն գրեթե հասել է նախքան համաճարակը եղած մակարդակին,
- ընդհանուր գնաճի նվազմանը նպաստում են նաև խիստ դրամավարկային քաղաքականության երկարաժամկետ պահպանումը և հարկաբյուջետային կոնսոլիդացիան:
«Միջազգային շուկաների դրական միտումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն, ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից, անորոշությունը դեռ բարձր է, և գնաճի համար առկա ռիսկերը հիմնականում աճի ուղղությամբ են»,- նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում:
Ի դեպ, բարձր գնաճի պատճառով ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 տոկոսի մակարդակում է պահում 2022 թվականի մարտից հետո: