Հանրայնացվել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի նամակը, որտեղ նա առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիից և NCDC-ի նոր ղեկավար Թամար Գաբունիայից պատասխան է պահանջել, թե ինչու է իր հետ կապն ու համագործակցությունն ասոցացվում «բորոտություն» հիվանդության հետ:
Գամկղրելիձեի նամակը հրապարակել է Formula TV-ն։ Ավելի ուշ Գամկղրելիձեն հաստատել է, որ իսկապես պաշտոնական, գործնական նամակ է գրել առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիին և NCDC-ի նոր ղեկավար Թամար Գաբունիային: Հրապարակումից հետո Գամկղրելիձեն, սակայն, ափսոսանք է հայտնել, որ նամակը հանրայնացվել է:
«Ես իմ տեսակետներն ամփոփելով գործնական նամակ եմ գրել NCDC-ին և նախարարությանը և հայտնել իմ կարծիքը, այդ թվում, որոշ դեպքերում խիստ եմ արտահայտվել։ Ես ավարտել եմ իմ պաշտոնական հարաբերությունները NCDC-ի հետ: Ես շատ ընկերներ ունեմ, և ոչ ոք չի կարող ինձ խանգարել նրանց հետ շփվել», — ասել է Գամկղրելիձեն:
Նամակում NCDC-ի նախկին ղեկավար նշել է, որ ինչպես յուրաքանչյուր իսկական բժշկի, իր համար ևս մարդասիրությունն ամենագլխավոր՝ մեկնարկային սկզբունքն է:
«Մեծ թվով աշխատակիցներ, ընկճված ու նյարդայնացած զանգում են ինձ՝ ներողություն խնդրելով, որ իրենց արգելում են նշել իմ անունը ցանկացած տեղում, որ իմ անունը հանեն այն նախագծերից, որտեղ ես եղել եմ խորհրդատու, որ ինձ չեն կարող հրավիրել տարբեր միջոցառումների, որ իմ կապերը կենտրոնի հետ պետք է իսպառ կտրվեն բոլոր ձևերով: Կարծում եմ, որ շուտով ինձ հետ պատահական հանդիպումը որևէ հանրային տարածքում կարգելվի, էլ չասած պլանավորվածների մասին», — նշել է Գամկղրելիձեն:
Ի դեպ, Գամկղրելիձեն NCDC-ը ղեկավարել է 2013 թվականի փետրվարի 7-ից։ 2022 թվականի օգոստոսի 5-ին նա հայտարարեց հրաժարականի մասին, իսկ ավելի ուշ պարզաբանեց, որ դեռևս չէր պատրաստվում հրաժարական տալ: