Թբիլիսին առնվազն մեկ տարի նոր 18 մետրանոց ավտոբուսներ չի ունենա: Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը ավտոբուսների գնման համար դեռ մրցույթ չի հայտարարել, գրում է RadioTavisupleba-ն:
«Թբիլիսի տրանսպորտային ընկերության» հետազոտությունների համաձայն՝ նման չափսի ավտոբուսներ արտադրելու և առաքելու համար պահանջվում է առնվազն 12 ամիս։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային գծերին 18 մետրանոց ավտոբուսներ ավելացնելու խոստումը տվել էր 4 տարի առաջ՝ առաջին ժամկետով քաղաքապետ ընտրվելու 1-ամյակին:
2019 թվականի փետրվարին Կալաձեն աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի MAN ցուցահանդեսային կենտրոնում, ստուգել է 18 մետրանոց ավտոբուսները։ 2019 թվականին 18 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ չի հայտարարվել, իսկ 2020 թվականին պլանները փոխվել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։
2020 թվականին, երբ, ըստ նախնական խոստման՝ Թբիլիսիում պետք է լինեին 18 մետրանոց նոր ավտոբուսներ, Թբիլիսիի քաղաքապետը տրանսպորտի հետ կապված գրեթե բոլոր հրապարակային հայտարարություններում նշում էր ավտոբուսների խնդիրը։
«Արագ տրանզիտային միջանցքով կշարժվեն 12 մետրանոց ավտոբուսներ, իսկ հաջորդ տարվանից՝ 18 մետրանոց ավտոբուսներ»,- ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն։ 2020 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի նոր ավտոբուսային ցանցի շնորհանդեսի ժամանակ ևս խոսել է 18 մետրանոց ավտոբուսների մասին և նշել, որ 2021 թվականից ավտոբուսները կլինեն, թեև 2021 թվականին նույնպես մրցույթ չէր հայտարարվել։
Այս հայտարարությունից մեկ ամիս անց Կալաձեն Թբիլիսիի սակրեբուլոյի նիստում կրկնել է. «Եկող տարի (2022-ին- խմբ.) մենք պատրաստվում ենք գնել 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք կշարժվեն կանխորոշված գծերով»։
2023 թվականի հունվարի վերջին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ շուկայի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, և իրենք չգիտեն, թե կոնկրետ երբ կհայտարարվի 18 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթը։ Տրանսպորտային ընկերության կողմից գնումների գործակալությանը տրամադրված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ավտոբուսի գնումների գործընթացը կարող է հետաձգվել մի քանի պատճառներով: