«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահի ընտրություններում հաղթել է Լևան Խաբեիշվիլին։ Արդյունքները հայտարարել է կուսակցության ընտրական հանձնաժողովի նախագահ Կոբա Պլուտիան։
Կուսակցության նախագահի ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ձայների կեսից ավելին։
Թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Նոնա Մամուլաշվիլի՝ 1537 ձայն (3,73%);
Գիորգի Մումլաձե՝ 1516 ձայն (3,68%); Նիկա Մելիա՝ 16 հազար 476 ձայն (40%);
Լևան Խաբեիշվիլի՝ 21 հազար 656 ձայն (52,58%)։
Կուսակցության նախագահի ընտրության քվեարկությունը սկսվել է հունվարի 28-ին, ժամը 10-ից հետո եւ ավարտվել այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 10-ին։ Ընտրություններին գրանցվել է 49 հազար 638 մարդ։ Նրանցից քվեարկել է 41 հազար 264-ը։
2022 թվականի նոյեմբերի 9-ին «Ազգային շարժման» անդամների մի մասը դիմել էր կուսակցության նախագահի ընտրություններ անցկացնելու խնդրանքով։ Նույն օրը կուսակցության նախագահի պաշտոնակատար Նիկա Մելիան ասել էր, որ ընտրություններն իր համար ամենահարմար գործընթացն են, և ինքը պատրաստ է դրան։
Նշենք, որ կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան ՄԱՇ-ի նախագահ էր դարձել 2020 թվականի դեկտեմբերին։