2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգերով մոտավորապես 2 միլիարդ դոլար է փոխանցվել Վրաստան, ինչը ռեկորդային ծավալ է առնվազն 2012 թվականից ի վեր, հայտնում է BusinesPressNews-ը՝ հենվելով ռուսական РБК գործակալության տրանսֆերային վիճակագրությանը, որը ներառում է Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի գործարքները։
Գործակալության հետազոտությունները հիմնված են դրամական փոխանցումների բանկային ենթակառուցվածքի և դրամական փոխանցումների համակարգերի տվյալների վրա՝ Zolotaya Korona, Unistream և Contact:
Ըստ տվյալների՝ 2021 թվականին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 411,3 մլն դոլար, այդպիսով` 2022 թվականի ցուցանիշը հինգ անգամ գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։
2022 թվականի 11-րդ ամսվա արդյունքներով` Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, աճել է չորս անգամ և կազմել 3,1 մլրդ դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2004 թվականից ի վեր։ Տվյալները ներառում են փոխանցումներ ինչպես բանկային համակարգից, այնպես էլ դրամական փոխանցումների համակարգերից։
Տվյալների համաձայն, 2022 թվականին Ռուսաստանից միայն դրամական փոխանցումների համակարգով Ղազախստան է փոխանցվել 357 մլրդ տենգե կամ մոտ 775,4 մլն դոլար, ինչը ռեկորդային է առնվազն 2014 թվականից ի վեր։ Դոլարի ցուցանիշը 6,8 անգամ գերազանցում է 2021 թվականին Ղազախստան ուղարկված փոխանցումների ծավալը։
Ռուսաստանից Ուզբեկստան փոխանցումների ծավալը 2022 թվականի վերջին կազմել է 14,5 մլրդ դոլար, որը մեկ տարվա ընթացքում աճել է 2,6 անգամ։ Միջազգային տրանսֆերտների կտրուկ աճը երկրում պայմանավորված է եղել դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու զգալի ամրապնդմամբ և Ռուսաստանում արժութային սահմանափակումների արդյունքում աշխատանքային միգրանտների անցումով փոխանցումների պաշտոնական ուղիներին։
Ըստ տվյալների՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ռուս ֆիզիկական անձինք միայն դրամական փոխանցումների համակարգերով Ղրղզստան են ուղարկել 2,6 միլիարդ դոլար, ինչն ընդամենը 6 տոկոսով ավելի է 2021 թվականի 11 ամիսների տվյալներից։ Այս ցուցանիշը ռեկորդային է 2005 թվականից սկսած։ Ղրղզստանը` Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ միասին, առաջին եռյակում է Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքով ։