Երբ նախապես գիտես՝ աշխատանքի չեն վերցնելու. «1+4»-ի ստաժավորման խնդիրները

Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների  համար գործող վրացերենի ուսուցման «1+4» ծրագրի ուսանողների ստաժավորումը չի արդարացնում սպասելիքները․ պետական մարմիններում աշխատանքի տեղավորումը շարունակում է մնալ խնդրահարույց։

«1+4» ծրագրով երկրի պետական բուհեր ընդունված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները 2017-ից հնարավորություն ունեն ստաժավորում (չվարձատրվող) անցնելու պետական մարմիններում։

Ստաժավորման ծրագրի համար ընտրված ուսանողները 1-ից 6 ամիս մասնագիտական աշխատանքային փորձ են ձեռք բերում պետական ​​գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական մարմիններում՝ ակնկալելով աշխատանքի անցնել հաջողության հասնելու դեպքում ։ 

Ստաժավորված բազմաթիվ ուսանողների համոզմամբ, սակայն, ծրագիրը երկարաժամկետ հեռանկար չունի, այսինքն՝ ուսանողները վատնում են իրենց ժամանակը` սպասված արդյունք չստանալով։

Թբիլիսահայ 29-ամյա Լիլիանա Ասատուրովան, երբ Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնի 4-րդ կուրսում էր, 3-ամսյա ստաժավորում է անցել Թբիլիսիի սակրեբուլոյում (ավագանի)։ 

Ստաժավորումն անցել է պետական կառույցում, բայց այսօր աշխատում է մասնավոր հատվածում։ Քաղաքային իշխանությունում աշխատանքի ընդունվելու ցանկությունը չի իրականացել, բայց ընդգծում է, որ ստաժավորման արդյունքում որոշակի փորձ ու գիտելիք է ձեռք բերել։ 

 

«Ինտեգրման առումով խնդիր չեմ ունեցել․ Էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելն ինձ երբեք չի խանգարել, ոչ լեզվի առումով եմ խնդիր ունեցել, ոչ էլ այլազգի համաքաղաքացիների հետ շփման»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Ասատուրովան՝ անդրադառնալով ծրագրի պատասխանատուների այն պարզաբանմանը, որ ստաժավորման հիմնական նպատակը երկրի ոչ վրացալեզու քաղաքացիների ինտեգրումն է։

«1+4»-ի մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման հաջող իրականացման համար պատասխանատու Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի պարզաբանմամբ․ «Ստաժավորման ծրագրի նպատակն է բարելավել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների զբաղվածության հեռանկարները, նաև նպաստել նրանց ներգրավվածության և քաղաքացիական ինտեգրման գործընթացին»։ 

«Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի» (CCIIR-ի) 2017 թվականի հետազոտության համաձայն՝ «1+4» ծրագրի շահառուները՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, կարևորագույն մարտահրավերներից են համարում հենց զբաղվածությունը պետական ​​հաստատություններում:

Հարցման մասնակիցների 50.8%-ը կարծիք է հայտնել, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ գործատուի կողմնակալ/բացասական վերաբերմունքն է աշխատանքի տեղավորման հիմնական խոչընդոտը: 

2017 թվականին, երբ մեկնարկել է ստաժավորման պիլոտային ծրագիրը, մասնակցել է ընդհանուր հաշվով 65 ուսանող՝ ստաժավորում անցնելով 20 պետական մարմիններում։ Netgazeti.ge-ի փոխանցմամբ, 65 ստաժորներից աշխատանքի է տեղավորվել միայն 1-ը։ Ստաժավորում անցած ուսանողների թվում էր նաև Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի շրջանավարտ Արմենուհի Պոդոսյանը։  

Նա ստաժավորում է անցել երկու պետական մարմիններում, նախ՝ մշակույթի նախարարությունում, այնուհետև՝ Ազգային գրադարանում։ Արմենուհին, սակայն, այժմ վրաց լեզվի ուսուցչուհի է, դասավանդում է Նինոծմինդայի Օրոջալար գյուղի հանրային դպրոցում։

Ստաժավորման վերաբերյալ կարծիքը հետևյալն է՝ գաղափարը լավն է, բայց կան թերություններ։ Ընդգծում է, որ ստաժավորման արդյունավետությունը կախված է այն կառույցից, թե որտեղ է անձը ստաժավորվում։ Վերոնշյալ կառույցներում ստաժավորում անցնելուց հետո Արմենուհին` սպասելիքներին հակառակ, գործի չի տեղավորվել, այնուամենայնիվ նկատեց՝ գուցե ստաժավորումն է նպաստել դպրոցում աշխատանքի ընդունվելուն։

Իսկ ահա Հետազոտությունների և կառավարման խորհրդատվական (Analysis and Consulting Team) ACT գործակալության «Ստաժավորման կարիքների հետազոտություն» հաշվետվության համաձայն՝ «1+4» ծրագրի բազմաթիվ ուսանողներ ստաժավորումից հետո չեն կարողանում աշխատանքի անցնել պետական մարմիններում լեզվի չիմացության պատճառով․

«Չնայած ստաժորներին հանձնաժողովն ընտրում է հարցազրույցի հիման վրա՝ ստուգելով նաև վրացերենի իմացությունը, այդուհանդերձ` շատ հաճախ առաջ է գալիս լեզվի չիմացության խնդիրը։ Պետական կառույցներից մեկի փորձի համաձայն՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ստաժորի լեզվի չիմացության խնդիրն այնքան լուրջ է եղել, որ  ստաժորի և գործատուի միջեւ համագործակցությունը ձախողվել է։ Այս օրինակը հաշվի առնելով` գործատուն համարում է, որ ստաժավորման ծրագիրը պետք է շարունակվի, սակայն դպրոցներում և նախապատրաստական կուրսում պետք է բարձրացնել պետական լեզվի ուսումնասիրման որակը»։

2010 թվականից Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների համար գործող վրացերենի ուսուցման «1+4» ծրագիրը ենթադրում է առկա չորս քննություններից հանձնել միայն մեկը (Ընդհանուր հմտություններ)՝ մայրենի լեզվով. դա նրանց թույլ է տալիս ընդունվել նախապատրաստական կուրս՝ մեկ տարի սովորելով վրացերեն, այնուհետև բավարար միավոր հավաքելու դեպքում (60 միավոր) դառնալ երկրի պետական բուհի բակալավրի ուսանող:

Հատկանշական է, որ «1+4»-ով դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2010 թվականին վերոնշյալ ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվել ազգությամբ հայ 124 և ազգությամբ ադրբեջանցի 175 ուսանող, ապա 2021-2022-ին ընդհանուր թիվը հասել է 1386-ի, նրանցից 429-ը ազգությամբ հայ ուսանողներն են։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Սոցիալական արդարության կենտրոնի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեն նշեց, որ վրացերենի ուսուցման ոլորտում առկա խնդիրները բացասաբար են ազդում ոչ վրացալեզու երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցում։

«Ոչ վրացալեզու երիտասարդների զբաղվածության հեռանկարը, բնականաբար, խնդրահարույց է։ Եթե գնահատենք պետական մարմիններում նրանց աշխատանքի տեղավորումը, կառանձնացնեի 2 հիմնական մարտահրավեր․

  •  Առաջինը՝ հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում նեպոտիստական և կոռուպցիոն տրամաբանությունը, կուսակցական պետության տրամաբանությունը, այս տեսանկյունից երիտասարդների ՏԻՄ-ում աշխատանքի տեղավորման հնարավորությունը շատ քիչ է։ ՏԻՄ-ը նրանցից պահանջում է ավելի շատ կուսակցական լինել,  քիչ՝ անկախ։
  • Երկրորդ մարտահրավերը ավելի շատ համապատասխանում է Քվեմո Քարթլիին, քանի որ պետական մարմիններում բնակվող և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի զբաղվածության ցուցանիշը շատ ցածր է։ Սա վկայում է էթնիկ պատկանելությամբ պայմանավորված անարդարությունների մասին։

Թամթա Միքելաձեն շեշտում է` պետության բացատրությունը, թե պետական կառույցներում էթնիկ փոքրամասնությունների զբաղվածության ցածր ցուցանիշը պայմանավորված է որակավորված կադրերի սակավաթվությամբ, իրականությանը չի համապատասխանում։

Նա հավելում է, որ պետական մարմիններում ոչ վրացալեզու երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցը բազմաթիվ մարտահրավերներից է կախված, որոնց պետության կողմից իրականացվող ստաժավորման ծրագիրը չի կարողանում արդյունավետ պատասխանել։ Քանի որ այս ծրագրի միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվը շատ քիչ է, դժգոհություններ կան ծրագրի իրականացման որակի հետ կապված։

Պարզելու համար, թե քանի ուսանող է ստաժավորում անցել պետական մարմիններում, և ստաժավորումից հետո քանիսն են աշխատանքի տեղավորվել պետական, իրավաբանական և ՏԻՄ մարմիններում, «Ալիք Մեդիան» դիմեց Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակ, որի  տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների հանրային հատվածում ներգրավվածությունը խթանելու նպատակով 2017-ին փոփոխություն է մտցվել «Հանրային հաստատությունում ստաժավորում անցնելու կարգի և պետական ​​ծրագրի հաստատման պայմանների մասին» Վրաստանի կառավարության 2014-ի թիվ 410 որոշման մեջ, ըստ որի` էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար պարզեցվել են հանրային գերատեսչություններում ստաժավորման ընթացակարգերը։ 

«Ըստ իրականացված փոփոխությունների՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներին, որոնք անցել են «Վրացերենի ուսուցման հատուկ կրթական ծրագիրը» («1+4»-ը), հնարավորություն է ընձեռվել հարցազրույցի հիման վրա 1-ից 6 ամիս ժամկետով իրենց հետաքրքրող ուղղությամբ ստաժավորում անցնել նախընտրած կառույցում՝ պետական համակարգի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն և փորձ ստանալու, մասնագիտական ​​գիտելիքները խորացնելու և գործնական հմտությունները զարգացնելու համար», — ասված է պետնախարարի գրասենյակից ստացված պատասխան նամակում։ 

Գերատեսչության տվյալներով՝ ծրագրի շրջանակներում մինչ այժմ շուրջ 400 երիտասարդ ստաժավորում է անցել տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իրավունքի և իրավաբանական մարմիններում։

«Ալիք Մեդիայի» վերստին ուղարկած «քանի՞ ուսանող է աշխատանքի տեղավորվել ստաժավորում անցնելուց հետո» հարցմանն ի պատասխան, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի աշխատակից Էլիսո Լոմիձեն պարզաբանեց, որ ստաժավորման նպատակը ոչ թե պետական մարմիններում աշխատանքի տեղավորումն է, այլ հմտությունները զարգացնելը և հասարակությունում նրանց ինտեգրումը խթանելը։

Այս հոդվածը պատրաստվել է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) ծրագրի շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ: Հոդվածում արտահայտված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները ներկայացնում են հեղինակի տեսակետները և չեն կարող արտացոլել IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները»: