Ռուսաստանը որս է սկսել վրաց զինծառայողների նկատմամբ, ովքեր 2008-ին մասնակցել են վրաց-ռուսական պատերազմին: Այս մասին գրել է «Ռուսթավի 2»-ը: Հեռուստաընկերության լրագրող Նոդար Մելաձեն, ով Ուկրաինայում խոսել է «Վրացական լեգիոնի» զինծառայողների հետ, ասել է, թե ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանին հետաքրքրում են վրաց բոլոր զինծառայողները, ովքեր ռուս-վրացական պատերազմի ժամանակ ղեկավարել են կարևոր օպերացիաներ, և հատկապես նրանք, ովքեր ներկայումս էլ շարունակում են պայքարել Ուկրաինայում: Մելաձեն նշում է, որ այսօր Ուկրաինան բաց պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, և այնտեղ գնահատվում է վրաց զինծառայողների զինվորական փորձը, վրաց հրահանգիչներն այսօր ուկրաինական բանակի էլիտար ստորաբաժանումներում են, մասնակցում են մարտական օպերացիաների, պահում են ռազմավարական բարձունքներ, զբաղված են ուկրաինական գյուղերի ազատագրմամբ:
Վրաց-ռուսական պատերազմի հերոս Զազա Բերիանիձեն մի քանի օր առաջ իմացել է, որ Ռուսաստանը փնտրում է իրեն, և հիմա սեփական ուժերով է փորձում պարզել՝ իր նկատմամբ հայտարարված է արդյոք միջազգային հետախուզում, թե ոչ: «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում զինվորականն ասել է, թե ինքը դարձել է Ռուսաստանի նոր թիրախը: Բերիանիձեի նկատմամբ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել ՝ Օգոստոսյան պատերազմում նրա մասնակցության համար: Բերիանիձեն ծառայել է երկու շաբաթ առաջ Կիևում ձերբակալված փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի հետ:
Ցերցվաձեն այն կարծիքին, որ Ռուսաստանը հետևում է վրաց զինվորականներին, իսկ վրացական կողմը ոչինչ չի անում իր զինվորներին պաշտպանելու համար: Նա համոզված է, որ ռուսական կողմի նպատակն է՝ վրաց զինվորականներին իր կողմը քաշել և ստիպել ասել, թե 2008-ին պատերազմը սկսել է Վրաստանը: Ներկայումս Ցերցվաձեն կնոջ հետ շարունակում է մնալ Ուկրաինայում, Իրավաբանները գտնում են, որ ճիշտ կլինի՝ նա փախստականի կարգավիճակ խնդրի այդ երկրից, քանի որ Վրաստանում մնալն իր համար անվտանգ չէ:
Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Ռուսաստանի դաշնության հետաքննական կոմիտեն քրեական գործեր է հարուցել վրաց-ռուսական պատերազմի մասնակից մի քանի զինծառայողների նկատմամբ:
Տեղեկատվությունը՝ newsgeoergia.ge-ի