Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան ասել է, որ երրորդ նախագահը շարունակում է նիհարել։
Ալասանիան նշել է, որ Սաակաշվիլին 195 սմ հասակով այժմ կշռում է ընդամենը 68 կիլոգրամ։
Ի դեպ, ձերբակալությունից հետո Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 48 կգ։ Անկախ հետազոտության տվյալներով, նման քաշի կորուստը խոսում է կախեքսիայի՝ անվերահսկելի սպառնացող քաշի կորստի մասին։
Նշենք նաև, որ Վրաստանի իշխանությունները շարունակում են հերքել, որ Սաակաշվիլիի վիճակը անհանգստության տեղիք է տալիս՝ պնդելով, որ երրորդ նախագահը «վատ է սնվում» և ձևականություններ է անում:
Ընդգծենք, որ «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն երեկ հայտարարել էր, որ Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։
Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին: Փաստաբանը հունվարի 24-ին տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։
Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:
Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։