«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։
«Մեր համաճարակաբանական ծառայությունն ավարտել է հետաքննությունը»,- ասել է Չխաիձեն։
Խոսելով երրորդ նախագահի վիճակի մասին՝ Չխաիձեն նշել է, որ Սաակաշվիլիի մոտ վիրուսը կայուն է, նրա ֆիզիոլոգիական պարամետրերը, հեմոդինամիկ և շնչառական ցուցանիշները կայուն են։ Չխաիձեն չի հաստատել նաև Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի տարածած տեղեկությունը, թե Սաակաշվիլին մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը։
«Ոչ մի անգամ բժիշկը ուշագնացության դեպք չի արձանագրել, բուժքույրը նրա կողքին է 24 ժամ»,- ասել է «Վիվամեդ» կլինիկայի տնօրենը:
Նշենք, որ Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին: Փաստաբանը հունվարի 24-ին տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։
Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:
2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:
Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։