Air Georgia ավիաընկերության տնօրեն Գիորգի Կոդուան հայտնել է, որ նախատեսվում է դեպի Ամերիկա թռիչքներ մեկնարկել հունիսին: Ըստ Կոդուայի՝ ընկերությունը թռիչքները հնարավոր է կատարի եվրոպական դրոշի ներքո, հայտնում է Business Media Georgia-ն:
Հարկ է նշել, որ Air Georgia-ն մեկ տարուց ավելի է Թբիլիսի-Նյու Յորք թռիչքներ սկսելու թույլտվության է սպասում:
«Մենք դիմել ենք Վրաստանի իշխանություններին, որ պատրաստ ենք թռիչքներ սկսել։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դեռ ամերիկյան ստանդարտների ներդրման գործընթացում է։ ԱՄՆ-ն ինքն է դա խնդրում։ Այժմ մենք աշխատում ենք եվրոպական կանոնակարգերով»,- ասել է Կոդուան։
Կոդուան նաև նշել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում պորտուգալական ընկերության հետ՝ եվրոպական ընկերության շրջանակներում թռիչքներ սկսելու համար։ Ըստ այդմ, ընկերությունը հույս ունի, որ Թբիլիսիից Նյու Յորք առաջին չվերթը կիրականացվի հունիսին։
«Եթե մենք սկսենք գործել եվրոպական դրոշի ներքո, Վրաստանի կառավարությունը պատասխանատվություն չի կրի, դա ավելի թանկ կլինի, ուստի գնային բանակցություններ են ընթանում եվրոպական ընկերության հետ։ Վրաստանի դրոշով թռիչքների դեպքում տոմսերի արժեքը կկազմի 950 դոլարից մինչև 1 000 դոլար, իսկ եվրոպական դրոշի ներքո՝ 1 200-1 300 դոլար»,- հավելել է Կոդուան։