Այսօր՝ հունվարի 25-ին փոխնախարար Լաշա Դարսալիան հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հետ։ Տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում խոսել են Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների հնարավոր տարհանման մասին, Դարսալիան Կասյանովի այս թեմայի հետ կապված հայտարարությունը որակել է «անհիմն»։
«Հանդիպմանը նախարարի առաջին տեղակալն իր մտահոգությունն է հայտնել վերոնշյալ հայտարարության առնչությամբ, որն անհիմն է և վնասում է երկու երկրների հարաբերություններին:Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցչի հետ հանդիպմանը նշվել է, որ նման անհիմն հայտարարությունները չեն նպաստում երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Հույս կա, որ կողմերը ջանքեր կգործադրեն հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Անդրեյ Կասյանովն առանց մեկնաբանության լքել է նախարարության շենքը։
Մինչ այդ, Կասյանովը լրագրողներին պարզաբանել է, որ դիվանագիտական գրասենյակ է գնում հրավերի հիման վրա, որտեղ քննարկման հիմնական թեման լինելու է Վրաստանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները։
«Մենք Վրաստանի արտաքին գործերի նախարարություն ենք գնում հրավերի հիման վրա։ Քննարկելու ենք Վրաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպումը տեղի կունենա արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հետ», — ասել է Կասյանովը։
Հիշեցնենք, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիներին Վրաստանից տարհանման հնարավորությունը, եթե նրանք վտանգի մեջ լինեն Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումից հետո: