Ռուսաստանի Սոչի քաղաքի ծովային նավահանգիստը Վրաստանի հետ բանակցություններ է վարում Սև ծովով ուղևորափոխադրման շուրջ, գրում է ռուսական ТАСС գործակալությունը։
Նշվում է, որ Սոչիից Վրաստան ուղևորափոխադրումը, հավանաբար, կիրականացվի դեպի Բաթումիի նավահանգիստ:
«Սոչիի ծովային նավահանգիստը բանակցություններ է վարում Սև ծովով դեպի Աբխազիա և Վրաստան ուղևորափոխադրումների շուրջ»,- ТАСС-ին հայտնել է Սոչիի ծովային նավահանգստի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովը։
Վլադիմիրովը հույս է հայտնել, որ ուղևորափոխադրումները կիրականացվեն դեպի Աբխազիա և Վրաստան: Ըստ նրա՝ բանակցությունները շարունակվում են, և նախատեսվում է փոխադրումներն սկսել այս ամառվանից:
«Ուղևորային և ծովային նոր երթուղիների մեծ պահանջարկ կա։ Մենք կփորձենք որքան հնարավոր է բավարարել մեր զբոսաշրջիկների պահանջները»,- հավելել է Վլադիմիրովը:
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկություն չունեն:
Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 1 մլն 405 հազար 552 քաղաքացի։
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը: Լավրովը հույս էր հայտնել, որ շուտով կվերականգնվեն Վրաստանի հետ ուղիղ չվերթները, որոնք Մոսկվան է դադարեցրել:
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անվամբ հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին` միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հավանական վերականգնման մասին։