Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ վերաարտահանումը ռեկորդային աճ է գրանցել. միության 5 երկրներում վերաարտահանման ընդհանուր աճը կազմել է 205 տոկոս։
Geostat-ի տվյալներով, ամենազգալի աճը գրանցվել է Ղազախստանում, որտեղ անցյալ տարի վերաարտահանվել է 166,800 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարի՝ 29,095 մլն դոլարի, աճը` 473,2 տոկոս։
Ղազախստանին հաջորդում է Հայաստանը. մասնավորապես, 2022 թվականին Վրաստանից Հայաստան վերաարտահանվել է 402,266 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականին՝ 127,156 մլն դոլարի, աճը՝ 216,3 տոկոս։
Ըստ Geostat-ի՝ հաջորդը Ռուսաստանն է, որտեղ 2022 թվականին Վրաստանից վերաարտահանվել է 115,496 մլն դոլարի ապրանք, 2021 թվականին՝ 55,090 մլն դոլարի, աճը՝ 110 տոկոս։
2022 թվականին Վրաստանից Ղրղզստան վերաարտահանումը կազմել է 86,666 մլն դոլար, իսկ 2021 թվականին՝ 27,087 մլն ԱՄՆ դոլար, աճը` 220 տոկոս։
Նույն տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստանից Բելառուս է վերաարտահանվել 24,639 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականին՝ 22,589 մլն դոլարի, աճը` 9 տոկոս։
Ի դեպ, Եվրասիական տնտեսական միությունը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։