Վրաստանի պետական բյուջեի մուտքերի փաստաթղթի համաձայն, 2022 թվականին Վրաստանը տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից ռեկորդային եկամուտ է ստացել:
Ըստ տվյալների՝ տրանպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանը ստացել է 128,055 մլն լարի, 2021 թվականին՝ 66, 414 մլն լարի, 2020 թվականին՝ 63,064 մլն լարի։
Հաղորդագրության համաձայն, միայն դեկտեմբերին բեռնատարների սեփականատերերը ճանապարհի օգտագործման համար բյուջե են վճարել 15,9 մլն լարի հարկ։ Սա նշանակում է, որ անցած տարվա վերջին ամսում Վրաստանի միջանցքը հատել է 45 հազար 560 բեռնատար։ 2021 թվականի դեկտեմբերին վարորդները բյուջե են վճարել 5,875 մլն լարի, հետևաբար` նույն ժամանակահատվածում Վրաստանի տրանսպորտային միջանցքով հատել է 29 հազար 376 բեռնատար:
Ի դեպ, Վրաստանի սահմանին տրանզիտային բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի. այս սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները վճարում էին 200 լարի։ Ըստ այդմ, բյուջեի եկամուտների աճը պայմանավորված է ինչպես Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարների քանակի ավելացմամբ, այնպես էլ ճանապարհներից օգտվելու վճարների թանկացմամբ։