Վրաստանի պաշտպանության նախարարությունում կադրերի օպտիմալացման և վերակազմակերպման արդյունքում ավելի քան 2 հազար մարդ է հեռացվել աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական էջը: Պաշտոնանկությունները վերաբերել են ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Ըստ պաշտոնական տվյալների` անգործ են մնացել 217 սպա և 123 սերժանտ, ինչպես նաև 400 արտահաստիքային և 1350 հաստիքային աշխատակիցներ:
Պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ 209 սպաները ազատվել են սեփական դիմումի համաձայն և ստացել միանվագ դրամական փոխհատուցում: Ընդհանուր առմամբ` փոխհատուցման վճարների վրա նախարարությունը 5 197 500 լարի է ծախսել: Աշխատանքից հեռացված լեյտենանտները և ավագ լեյտենանտները ստացել են 10 հազարական լարի, կապիտանները` 14 հազար, մայորները` 18 հազար, փոխգնդապետները` 23 հազար, գնդապետները` 29 հազար:
Օպտիմալացման շրջանակներում Պաշտպանության նախարարությունը կառուցվածքային փոփոխություններ է կատարել ինչպես քաղաքացիական ծառայությունում, այնպես էլ զինված ուժերում: Ամբողջովին զրոյացվել է նախարարի խորհրդականների ինստիտուտը` աշխատանքից ազատվել են նախարարի և փոխնախարարների բոլոր 10 խորհրդականները: Նախարարությունը նշում է, որ այս կերպ հնարավոր է տարեկան տնտեսել ավելի քանի 389 հազար լարի: Զրոյացվել է նաև Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականների ինստիտուտը, ինչի արդյուքնում 1 մլն. Լարի է տնտեսվել:
Նախարարությունից վստահեցնում են, որ վարչարարական ծախսերի և բյուրոկրատական ապարատի կրճատման գործում առաջնորդվել են պետական շահով, ինչպես նաև զինված ուժերի կատարելագործմամբ, ինչը պետք է կատարվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Պաշտպանության նախարար Լ:ևան Իզորիան հայտարրաել էր մեծամասշտաբ օպտիմալացման և կադրերի վերակազմակերպման մասին: