Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման մասին հայտարարությանը, ասել է, որ չի ողջունում այն։
«Ես համաձայն չեմ փաստարկի հետ, թե իբր դա (թռիչքների վերականգնումը-խմբ.) ծառայում է Ռուսաստանում ապրող վրացիների խնդիրները մեղմելուն։ Առնվազն այն պատճառով, որ ամիսներ շարունակ, չնայած իմ բոլոր ջանքերին, արդյունքի չհասանք քաղաքացիության տրամադրման չափանիշների պարզեցման հարցում։ Սա մի խնդիր է, որը մտահոգում է արտերկրի, այդ թվում և Ռուսաստանի մեր հայրենակիցներին»։
Այս պահին՝ չմոռանալով Ռուսաստանի հնարքները, պետք է գիտակցել, որ Կրեմլն ամեն անգամ հրապարակ է հանելու նմանատիպ թեմաները՝ մեր և մեր արևմտյան գործընկերների միջև անդունդ ստեղծելու նպատակով»,- նշել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ բազմիցս Վրաստանի կառավարությանը հորդորել է՝ լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալական և քաղաքական պարամետրերով, որպեսզի հասարակությունը զգա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը հաշվի են առնվում և պաշտպանվում։
«Մեզ անհրաժեշտ են կանոնակարգեր՝ կապված աշխատանքային իրավունքների, բիզնեսի գրանցման, սեփականության ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման հետ:
Նաև թռիչքները վերսկսելու փոխարեն կառավարությունը պետք է հոգա երկրի հեղինակության մասին, հստակ պատասխանի Վրաստանի միջոցով պատժամիջոցները շրջանցելու մասին՝ երկրի հասցեին հնչող մեղադրանքներին…»:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվեն Վրաստանի հետ ուղիղ չվերթները, որոնք Մոսկվան է դադարեցրել: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հնարավոր վերականգնման մասին։