Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) այսօր հրապարակել է 2022 թվականի արտաքին առևտրի վերաբերյալ ամբողջական զեկույցը, ըստ որի՝ Թուրքիան Վրաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է, իսկ երկրորդը՝ Ռուսաստանն է:
Ըստ Geostat-ի տվյալների՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,8 մլրդ դոլար (աճել է 30 տոկոսով), իսկ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 2,5 մլրդ դոլար (աճել է 52 տոկոսով)։
Ռուսաստանից ներմուծումն, իր հերթին, աճել է 79 տոկոսով և հասել ռեկորդային 1,83 մլրդ դոլարի։ Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 6,8 տոկոսով և կազմել մինչև 651 մլն դոլար։
Geostat-ի փոխանցմամբ՝ ներմուծման աճի հիմնական պատճառը Վրաստանի՝ ռուսական նավթամթերքի անցումն է. եթե 2021 թվականին Վրաստանը ՌԴ-ից գնել է 135 մլն դոլարի 225 հազար տոննա վառելիք, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 623 մլն դոլարի՝ 657 հազար տոննայի։ Հատկանշական է նաև, որ 21 մլն դոլարով ավելացել է նաև ռուսական գազի ձեռքբերումը՝ հասնելով 112 մլն դոլարի։
Վրաստանից ամենաշատը Ռուսաստան է արտահանվել հետևյալ ապրանքները.
- գինիներ՝ 161 մլն դոլարի, աճը կազմել է 23 տոկոս,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 109 մլն դոլար, նվազել է 37 տոկոսով,
- թեթև մարդատար մեքենաներ (վերաարտահանում)՝ 76 մլն դոլար, աճը կազմել է՝ 338 տոկոս,
- սպիրտներ՝ 57 մլն դոլար, աճը կազմել է 38 տոկոս,
- հանքային և քաղցրահամ ջրեր՝ 51 մլն դոլար, նվազել է 16 տոկոսով։
Վրաստանն ամենաշատը Ռուսաստանից ներմուծել է հետևյալ ապրանքները.
- նավթամթերք՝ 623 մլն դոլար, աճը կազմել է 361 տոկոս,
- բնական գազ (ներառյալ ավտոգազ)՝ 112 մլն դոլար, աճը կազմել է 24 տոկոս,
- ալյուր՝ 67 մլն դոլար, աճը կազմել է 478 տոկոս,
- ցորեն՝ 62 մլն դոլար, նվազել է 29 տոկոս
- ածուխ և նմանատիպ նյութեր՝ 59 մլն դոլար, աճը կազմել է 152 տոկոս: