Վրաց վերլուծաբանների կարծիքով, Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը տագնապահարույց է. այս հայտարարության պատճառը Վրաստանի կառավարության ներկայիս քաղաքականությունն է, որը հաճելի է Մոսկվային։
Ըստ նրանց՝ Վրաստանի հեղինակությունն արդեն վնասվել է Արևմուտքում, և երբ Մոսկվան կրկնում է դա, ապա ավելի է հաստատում Վրաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ շրջող կասկածները։
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ Լավրովի հայտարարությունները գալիս են նրանից, որ Վրաստանի իշխանությունները վախենում են Ռուսաստանից: Նրա խոսքով, Արևմուտքում ևս նկատում են Լավրովի հայտարարությունների պատճառները:
«Վրացական իշխանությունները վերջին շրջանում հանդես են եկել մի շարք ռուսամետ հայտարարություններով, լինի դա Ուկրաինային բավարար աջակցություն չցուցաբերելը, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին չմիանալը»,- ասաց վերլուծաբանը:
Կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, Լավրովի հայտարարությունը Վրաստանի մասին մոտավորապես այնպիսին է, ասես՝ ստրկատերը գովաբանում է ստրուկների մեջ լավագույն ստրուկին: Ըստ Զաքարեիշվիլիի՝ Լավրովի հայտրարարությունը նախապես պատրաստված պատասխան էր նախապես պատրաստված հարցին.
«Հանկարծ ոչ թե Սիմոնյանը, ոչ թե Սոլովյովի նման մեկը, այլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հստակ ու միանշանակ խոսում է Վրաստանի մասին՝ որպես լավ ու օրինակելի երկրի։ Ամբողջ դժբախտությունն այն չէ, որ Լավրովը մեզ գովում է, այլ այն, որ մենք դա գունավորում ենք. «մենք» ասելով` նկատի ունեմ «Վրացական երազանք»-ը»:
«Վրացական քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Կորնելի Կակաչիան նշել է, որ Լավրովի հայտարարությունները տագնապահարույց են. Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե նրա ռազմավարական շահերից ելնելով, այլ Վրաստանի պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականությանը համապատասխան, որի հիմնական էությունը եվրատլանտյան ինտեգրումն է։
«Սա «մտրակի ու մեղրի» քաղաքականության օրինակ է, երբ Մոսկվան փորձում է մեծացնել իր ազդեցությունը հարևան երկրների վրա՝ երբեմն մտրակի կամ ռազմական ուժի կիրառմամբ, երբեմն էլ՝ գոհունակության միջոցով։ Այժմ Մոսկվայում կարծում են, որ Վրաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ֆոնին եկել է բարգավաճման շրջանը։ Առավել եւս, որ դա բացարձակապես համապատասխանում է Մոսկվայի շահերին», — ասել է Կակաչիան:
Նրա խոսքով, Վրաստանը պետք է որոշի, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարի. հիմնված այն արժեքների վրա, ինչը պահանջում է Արևմո՞ւտքը, թե, այսպես կոչված` պրագմատիկ, որի էությունը չեզոք քաղաքականություն վարելն է։
Կակաչիան, սակայն, նշել է, որ երկուսն էլ հակասում են միմյանց, և Վրաստանը չի ունենա չեզոքություն պահպանելու շքեղությունը Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին մեղադրել է պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար կրկնում էին, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ տնտեսական պատճառներից ելնելով:
CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, թե «իրականությանը չի համապատասխանում, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այս կապակցությամբ նշել էր. «Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»: